Լրահոս

12.03.2011 11:57


Մայիսից կմեկնարկեն ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդաձին նվիրված միջոցառումները

Մայիսից  կմեկնարկեն ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդաձին նվիրված միջոցառումները

ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդաձի կապակցությամբ մայիսից Արցախում կմեկնարկեն հանրապետական և ոլորտային ու տեղական նշանակության տոնական տարաբնույթ միջոցառումներ և կշարունակվեն մինչև տարեվերջ: ԼՂՀ բոլոր համայնքներում, կրթական և մշակութային հաստատություններում, ՊԲ զորամասերում և ստորաբաժանումներում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ և հավաքներ: ԼՂՀ ներկայացուցչությունների, ՀՀ դեսպանությունների և սփյուռքահայ կառույցների հետ համատեղ միջոցառումներ են նախատեսվում նաև արտերկրում: Կհրատարակվեն «Ձոն Արցախին» ժողովածուն և գիրք-ալբոմ, կթողարկվեն լոգոներ ու հուշամեդալներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ: ԼՂՀ–ի բոլոր ուսումնական հաստատություններում գալիք ուսումնական տարվա առաջին դասը կկրի «Արցախի անկախության 20 տարին» խորագիրը, դրան կմասնակցեն պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ: ԼՂ հանրապետության հռչակման օրվան նվիրված` սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կկազմակերպվի շքերթ-հանրահավաք: ԼՂՀ կառավարական և ՀՀ ու արտերկրից ժամանած պատվիրակությունները կայցելեն հուշահամալիր:  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կկազմակերպվեն ղարաբաղյան ավանդույթների տոնական վերնիսաժ, կենցաղի, ճաշատեսակների ցուցադրում-մատուցում, դեկորատիվ-կիրառական արվեստի գործերի ցուցադրություն-վաճառք: Սեպտեմբերի 2-ին արվեստի ճանաչված գործիչների մասնակցությամբ Ստեփանակերտում կկազմակերպվի տոնական համերգ, կտրվի հրավառություն: Հանրապետական նշանակության միջոցառումները կշարունակվեն մինչև դեկտեմբեր. դրանք կնվիրվեն նաև ԼՂՀ Սահմանադրության ընդունման 5-րդ տարեդարձին, կկազմակերպվի միջազգային գիտաժողով: Հաստատված ծրագրի համաձայն` տոնական միջոցառումների շարքը կեզրափակի բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավորների հավաք-միջոցառումը` նվիրված ԼՂՀ-ում առաջին խորհրդարանական ընտրություններին և առաջին գումարման Գերագույն խորհրդի ձևավորման 20-ամյակին:

ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդաձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նիստի ժամանակ նշվել է, որ հաստատված ծրագիրը միջազգային հանրությանը 20-ամյա հասուն պետության կողմից ուղղված յուրօրինակ ուղերձ կհամարվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը