Լրահոս

15.03.2011 11:20


ՄԻԺԻ. «Որակապես վերափոխվելու և կազմակերպվելու ժամանակն է»

Այսօր ժողովրդական ըմբոստացումները և ապստամբությունները հիմնականում բարոյական, էթիկական և սոցիալական հարթության վրա են: Դրանք առաջին հերթին մերժում են այլասերված, կոռումպացված և կոռումպացնող բռնատիրությունները: Երբ խոսում ենք բարոյականությունից, խոսում ենք քաղաքականությունից. ով չի ուզում սա տեսնել ու հասկանալ, դատապարտում է իրեն ոչինչ չհասկանալու: Սա է թունիսցի երիտասարդ Մոհամեդ Բուազիզիի արարքի (ըմբոստ ինքնահրկիզման) ամբողջ իմաստը:

Հայաստանում բնակվողին սովորեցրել են «անտեղի» հարցեր չտալ, մանավանդ եթե դիմացինը ինչ-որ հայտնի կամ պաշտոնավոր մարդ է:

Հասկացրել են, որ պետք է ճարպիկ լինել, իմանալ՝ ում հետ է բարեկամություն անում, «թացը չորից տարբերել», որպեսզի «առաջ գնա»:

Երբ սրտի կամ խղճի պոռթկումով նա թիկունք է կանգնել թույլին, տուժվածին, ասել են, թե հիմար է՝ մի՞թե իր դարդերը քիչ են, որ ուրիշի համար «գլուխը քարի տակ է դնում»:

Փոխարենը շատ հիմնավոր բացատրել են, որ «շնից մազ պոկելն էլ օգուտ է», որովհետև եթե արժանապատվությանդ կամ սկզբունքներիդ տեղիք տաս, այդ «մազն» ուրիշին է հասնելու ու մնալու ես ձեռնունայն:

Նրան անդադար ասել են, որ պետք է խոնարհվել այն մարդու առջև, ում ձեռքին փող ու մահակ կա, որ ուժը դա է:

Նրան համոզել են նաև, որ աշխարհում արդարություն չկա և իրենից ոչինչ կախված չէ: Փոխարենը կան Ամերիկա և Ռուսաստան, կան օլիգարխներ ու կորպորացիաներ, վերջապես, կան մասոններ ու նրանք են թելադրում խաղի կանոնները. հոսանքին հակառակ լողալը խենթություն է:

Այսպես մեռնում են, այսպես չեն ապրումԱյսպես գոյություն են քարշ տալիս, բայց չեն զարգանում, ու մանավանդ, չեն կերտում անհատ, հասարակություն և պետություն:

Բայց հենց այսպիսին է այսօրվա Հայաստանը. եսակենտրոն, սեփական կյանքին տեր չկանգնող, քաղքենի, թույլին ճնշող, պնակ լիզող, սեփական սխալները երբեք չընդունող ու անհաջողությունները չվերլուծող մարդկանց մի հավաքածու՝ որոշ բացառություններով: Ազատության, արդարության, մարդասիրության, փոխօգնության արժեքները տեղ չունեն այստեղ: Անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում մարդը թերևս հազվադեպ է իրեն հարց տվել, թե ինչո՞ւ է ապրում այս հողի վրա, ի՞նչ սկզբունքներով է ցանկանում ապրել, ի՞նչ է ուզում կերտել մյուսների հետ միասին: Գիտե միայն, որ քսան տարի իրեն թալանում են և երկիրն են թալանում, սակայն պատրաստ է թալանչիների առաջ խոնարհվել ու նրանց նետած գողոնի փշուրներով կշտանալ: Նա սովորել է կաշառք տալ և վերցնել,  5000 դրամի դիմաց ծախել իր ձայնը, որը նույնն է, ինչ ծախել Հայաստանի քաղաքացիությունը: Նա սովորել է անտեսել ու արհամարհել այն հազարավոր անտուններին ու աղքատներին, որոնցով լցված են Երևանի փողոցները, որոնք աղբամանից գտած մի կտոր հացով են ապրում և բաց երկնքի տակ քնում, իսկ նրանց թիվն արդեն անցել է 2000-ը (էլ չենք խոսում մյուս քաղաքների ու գյուղերի մասին): Նա շշմեցնող անտարբերությամբ է ընդունում այն, որ տարվա մեջ մի քանի անգամ բարձրանում են հանրային (կոմունալ) ծառայությունների և առաջին անհրաժեշտության ապրանքների  գները, ու նաև, որ հայկական խնձորը հնդկական բանանից երկու անգամ թանկ է: Իսկ երբ պետության ճեղքված բյուջեն բռնությամբ լցնում են «հղիների նպաստները հարկելու» կամ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության միջոցով, դարձյալ լռում ու համակերպվում է: Համբերությամբ է լսում նաև ամեն օր Հանրային հեռուստատեսությամբ հնչող գունավոր ստերն այն մասին, թե ինչպես է զարգանում «երկիր դրախտավայրը» և ինչպես է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ Կառավարությունը: Իսկ երբ այս ամենը շատ է սկսում ճնշել, ճանապարհը մեկն է՝ արտագաղթ, դեպի դուրս...

*        *        *

2011 թվականն աշխարհը սկսեց բողոքների, ժողովրդական ըմբոստացումների ու ապստամբությունների անսպասելի ալիքով: Տասնամյակներ շարունակ իրենց դիրքերը հաստատած և արտաքին ուժերի աջակցությունը վայելող միլիարդատեր  բռնապետները տապալվում են կամ տապալման սպառնալիքի առջև կանգնում: Մերձավոր Արևելքն ու Արաբական Աֆրիկան, որոնք հիշելի անցյալում լուրերում հայտնվում էին միայն կրոնական կամ ազգայնական կոնֆլիկտներով և կամ իբրև տուրիստական ուղղություններ, այսօր սոցիալական պայքարներ են մղում, պահանջում են ժողովրդավարություն և սոցիալական արդարություն:

2010թ. դեկտեմբերի 17-ին, Թունիսի քաղաքային իշխանությունները երիտասարդ փողոցային առևտրական Մոհամեդ Բուազիզիից (նա բարձրագույն կրթություն ուներ, սակայն մասնագիտական աշխատանք չունենալով զբաղվում էր փողոցային առևտրով) բռնագրավեցին ապրուստի միակ միջոցը՝ իր վաճառքի հանած պտուղները: Բուազիզին ինքնահրկիզվեց, իսկ հաջորդ օրը Թունիսի վրդովված երիտասարդները հազարներով փողոց դուրս եկան՝ բողոքելու անարդար տնտեսական ու սոցիալական կարգերի դեմ, այնուհետև պահանջելով նաև 23 տարի շարունակ երկրում տիրապետող ռեժիմի տապալումը: Նախագահ Բեն Ալին և նրա կինը, որ իր գերդաստանով հանդերձ տարիներ շարունակ թալանել էին երկիրը, ոսկով պայուսակները լցրած` փախան Սաուդյան Արաբիա: Թունիսից օրեր անց հեղափոխական կրակներով վառվեցին Եգիպտոսը, Հորդանանը, Ալժիրն ու Եմենը: Եգիպտոսի խաղաղ ժողովրդական ապստամբությունը (Գանդիի ոչ բռնության սկզբունքին հարիր), որ սկսեց 2011թ. հունվարին և առաջին փուլով հաղթանակեց փետրվարի 11-ին նախագահ Մուբարաքի հրաժարականով, ծառայում է իբրև մոդել շարժումների ու ապստամբությունների մի նոր ալիքի համար: Այն խորհրդանիշ է հանդիսանում ոչ միայն արաբական և մահմեդական ժողովուրդների, այլև բովանդակ աշխարհի ազատատենչ ու ժողովրդավար ներշնչումների և շարժումների համար: Վախն ու ամենազորի անձեռնմխելիության հոգեվիճակն ապշեցուցիչ կերպով մեկ ակնթարթում ՓԼՎԵՑԻՆ և ժողովուրդը ԳԻՏԱԿՑԵՑ իր ինքնակազմակերպման և շարժման ՈՒԺԸ: Ամբողջ աշխարհի բռնատերերն ու ավտոկրատներն ամեն պատճառ ունեն սարսափելու և իրենց վտանգված զգալու:

Հայաստանի ավտոկրատ, 2008թ-ի մարտի 1-յան արյունով հաստատված իշխանությունների արձագանքը կանխատեսելի էր՝ անդադար կրկնում են, թե մեր երկրում հեղափոխության ուղին անընդունելի է, պետք է ընթանալ բարեփոխումների ճանապարհով: Սակայն տեսնես ո՞ր բարեփոխումները նկատի ունեն ՀՀ իշխանությունները: Հեռուստաընկերությունների փակո՞ւմը: Կամ գուցե երկրի ամբողջ ընդերքը հանքահանող ընկերություններին վաճառե՞լը: Թե՞ խոշոր գյուղացիական տնտեսությունների ստեղծումը, որոնք գյուղացու ձեռքից շուտով կխլեն նույնիսկ այսօրվա չնչին վաստակը: Հավանաբար այս բարեփոխումների շարքից է նաև Երևանի փողոցներն առևտրականներից մաքրելն առանց ընդունելի այլընտրանք ապահովելու և մեկ օրում հազարավոր մարդկանց՝ իրենց ապրուստի միակ միջոցից զրկելը, և այլն, և այլն:

Չնայած արտաքին-ձևական իմաստով ՀՀ իշխանական բուրգում կատարված մի քանի կադրային տեղաշարժերին, սրանք որևէ որակական բարեփոխում չեն խոստանում, այլ ավտոկրատ, կոռումպացված և կոռումպացնող իշխանական բուրգն ավելի ամրացնելու և կենրոնաձիգ դարձնելու, հանրային հարստությունը թալանած ու դեռ թալանող փոքրաթիվ գերդաստաններին բուրգի գագաթում պահելու նպատակ են հետապնդում: Ընդհակառակը, վերջին ամիսներին ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը միայն գալիս են հաստատելու, որ այս համակարգի ներսում որևէ էվոլյուցիոն բարեփոխում հնարավոր չէ, որ միակ իրական այլընտրանքը դրա փոխարինումն է որակապես նոր համակարգով: Սակայն անգիտակից, տարերային, վաճառվող ու կաշառվող մարդիկ, անկազմակերպ և ծախվող հոգիներն ընդունակ չեն որակական իմաստով համակարգ փոխելու, այլ ավելի են այն այլասերելու. ամբոխավարության և ստի շարունակություն, ինչպես եղել է Հայաստանի պատմության մեջ արդեն 21 տարի ու նաև դրանից առաջ: Որակական փոփոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այլընտրանքը որակական իմաստով մշակված է, երբ կան գիտակից ու պայքարող, հավաքական շահերով առաջնորդվող, ծրագրված սոցիալական պայքարներ մղող ինքնակազմակերպված խմբեր, որոնք նաև իրար հետ համագործակցելով վերջ կդնեն այս համակարգին և այն կփոխարինեն որակապես նորով` ժողովրդավար ու արդար համակարգով:

*        *        *

Այսօր աշխարհում գլոբալ մակարդակով վերափոխումներ են տեղի ունենում: Դեռ վերջերս աշխարհը ցնցեց Վիքիլիքսը՝ բացահայտելով, թե դիվանագիտության քողի տակ որքան վճռորոշ որոշումներ են ընդունվում ժողովուրդների թիկունքում: Մի փաստ, որը թերևս շատերին գիտակցել տվեց, թե որքան են իրենց կառավարություններն անհաշվետու և օտարված իրենցից: Կապիտալիզմի գլոբալ ճգնաժամը նոր դիսկուրսներ է առաջացրել նաև Արևմուտքում, Եվրոպայում: Կասկածի տակ են դրվում ներկայացուցչական ժողովրդավարությունները, որոնք այլևս անընդունակ են ներկայացնելու իրենց ժողովուրդներին, այլ օտարվելով նրանցից՝ գործիք են դառնում բազմազգ կորպորացիաների շահերին: Այլաշխարհայնացման կամ այլընտրանքային համաշխարհայնացման շարժման մեջ միավորված հարյուր հազարավոր ակտիվիստներ, գիտնականներ, արվեստագետներ ու տարբեր մասնագետներ մշակում ու գործադրում են ավելի արդար ու հավասարական տնտեսական, քաղաքական ու սոցիալական մոդելներ, որտեղ մարդիկ անմիջականորեն ներգրավված կլինեն իրենց վերաբերող բոլոր հիմնական որոշումների կայացման մեջ, որտեղ աշխատանքը հիմնված չի լինի շահագործման վրա, իսկ տնտեսությունները կհարգեն բնությունը:

Ի՞նչ դիրքում կմնա մեր Հայաստանը այս գլոբալ վերափոխումների շրջանում, ինչպես կմասնակցի բնության ու տիեզերքի հետ համերաշխ մարդկային զարգացման պայքարներին:  Հիմնականում կախված է մեզանից` կկարողանա՞նք արդյոք ձևավորվել, քաղաքականապես կազմակերպվել և որպես հայ մարդ, հայ ժողովուրդ, հասարակություն և պետություն, համամարդկային գործոն դառնալ, և ոչ թե գործիք, թե՞ դուրս կմղվենք պատմության հետագա ընթացքից: Եթե չդառնանք այդ գործոնը, ապա բնության օրենքի համաձայն ինքներս մեզ մահվան ենք դատապարտելու: Այս է սպասում քաղաքական, տնտեսական, մշակութային ու ժողովրդագրական նման խոր ու տևական անկում ապրող մի հավաքականությանը/ժողովրդին, որն ինքն էլ արագացնում և խթանում է ներկայիս ինքնավերացման գործընթացները:

Միևնույն ժամանակ, բռնապետական-ոստիկանական ճնշումների ու օլիգարխիկ գործարքների այլասերիչ ու ավերիչ ֆոնի վրա անհնար է չնկատել լիովին հակադիր մի այլ գործընթաց. հասարակական նախաձեռնող խմբերն ու շարժումները, որոնք զուտ քաղաքացիական հենքի վրա ձևավորված կամավոր միություններ են, իրենց այս երկրի տերն են գիտակցում, փոփոխության գործոն են համարում և պայքարում են մյուս մարդկանց ևս արթնացնելու և մեր հասարակությունն ավելի լավը դարձնելու համար: Այս գիտակից խմբերի հիմքի վրա է, որ Հայաստանում արթնանալու է որակապես նոր` ժողովրդավար ու արդար համակարգի ձևավորման շարժումը: Սակայն բողոքի կազմակերպմանը զուգահեռ, անհրաժեշտ է ձևակերպել այլընտրանքը՝ մեր տեսլականները տարբեր ոլորտներում՝ կրթական, բնապահպանական, սոցիալ-տնտեսական, արտաքին-քաղաքական և այլն: Եթե նման հստակ ու գործուն այլընտրանքը մշակված չլինի, ապա յուրաքանչյուր շարժումից հետո կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առջև, ապրելու ենք էլ ավելի մեծ հիասթափություններ, դարձյալ խաբված ու անզոր ենք զգալու, դարձյալ արտագաղթի մեծ ալիք տեսնելու, քանզի մեզ մոտ ճնշումը պարպվում է Հայաստանը դատարկող ու քանդող ԱՐՏԱԳԱՂԹՈՎ: Պետք է պատրաստվեն մարդիկ և մշակվեն ծրագրեր, որոնք դրվելու են նոր և իրական ԱՆԿԱԽ և ինքնիշխան ժողովրդավար ու արդար Հայաստանի Հանրապետության հիմքում, սկզբունքները, որոնց շուրջ գիտակից համաձայնության կգա և որոնց համար պատասխանատվություն կստանձնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և բնակիչ:

Մենք պետք է սովորենք հարցականի տակ դնել մեզ հստակ թվացող ճշմարտությունները և նոր պատասխաններ գտնել: Պիտի հավատանք ազատության, արդարության ու հավասար իրավունքների իդեալներին և դադարենք համագործակցել տիրապետող հանցագործ ռեժիմի հետ: Պիտի օգնենք ու գոտեկցենք միմյանց՝ որպես մարդիկ և քաղաքացիներ: Եվ հավատանք, որ մենք իբրև մարդ-անհատներ, ու նաև մեր հավաքականությունը և պետությունը միայն կշահեն, եթե յուրաքանչյուրս իբրև անհատ և հավաքականության անդամ գործոն դառնանք, աշխատենք ու մասնակցենք մեր հավաքականության կառուցմանն ու զարգացմանը: Սա բոլորիս գործն է: Պետք է կարողանանք ԱՊՐԵԼ, արժևորել կյանքն ու պայքարել արժանապատիվ ապրելու համար:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ

Այս խորագրի վերջին նյութերը