Քաղաքական

16.04.2020 11:44


Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը

Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթն ԱԺ նիստում ստացավ 99 «կողմ», 1 «դեմ», 15 «ձեռնպահ» ձայներ:

Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ: Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել է փոփոխություն, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի: Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով:

Այս խորագրի վերջին նյութերը