Լրահոս

18.03.2011 16:28


ԱԳՆ–ի մոտ տեղի ունեցած պիկետը կշարունակվի «Գոլդեն Թյուլիփ Երևան»–ի մոտ

ԱԳՆ–ի մոտ տեղի ունեցած պիկետը կշարունակվի «Գոլդեն Թյուլիփ Երևան»–ի մոտ

Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումն ու համատեղ ասուլիսը։ Մինչ ասուլիսի սկսվելը ՀՀ արտգործնախարարության շենքի առջև հավաքվել էին հայ երիտասարդության ներկայացուցիչներ, ովքեր իրենց պահանջներով դիմել են ԵԱՀԿ նախագահին։

Նախաձեռնության ներկայացուցիչներից Արմեն Գրիգորյանը, մեջբերելով փետրվարի սկզբին Ա. Աժուբալիսի  արած հայտարարությունը, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտությունը դժվարլուծելի է, քանզի այնտեղ արդեն նոր սերունդ է մեծացել, ասել է, թե մարտի 11-ին արցախյան շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ՝ երիտասարդական և երիտասարդության հետ աշխատող, նամակ էին ուղղել ԵԱՀԿ գործող նախագահին, որպեսզի նա գա Ստեփանակերտ և նոր սերնդի հետ քննարկի խնդիրները, սակայն պատասխան չստանալով՝ որոշել են ԱԳՆ–ի շենքի դիմաց պիկետ կազմակերպել։

Երիտասարդները հանդես են եկել հետևյալ պաստառներով. «We Demand to Recognize Self-Determination of NKR» (Մենք պահանջում ենք ճանաչել ԼՂՀ-ի ինքնորոշումը), «The Youth of NKR Calls OSCE for Dialogue» (ԼՂՀ երիտասարդությունը ԵԱՀԿ-ին երկխոսություն սկսելու կոչ է անում), The Youth of NKR–No: Madrid Principles» (ԼՂՀ երիտասարդություն. ո՛չ մադրիդյան սկզբունքներին)։

Նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը հայտնել է նաև, որ ինքը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ ու տեղեկացրել է խնդրի մասին։ Ա. Կասպրչիկն ասել է, որ նամակից անտեղյակ է, սակայն վերջինս հանձնվել է թե՛ ԵԱՀԿ գրասենյակ, թե՛ Լիտվայի դեսպանատուն։

Ինչպես «7օր»–ին տեղեկացրել է նախաձեռնության կազմակերպիչներից Հայկ Խանումյանը, նույն պիկետը շարունակվելու է նաև «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցի մոտ, որտեղ տեղի է ունենալու Աուդրոնիուս Աժուբալիսի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը