Կարծիք

18.03.2011 21:03


Շնորհակալություն անկեղծության համար

Շնորհակալություն անկեղծության համար

Յուրաքանչյուր նորմալ հոգեբան ձեզ կբացատրի, որ երբ ցանկացած ոք պարբերաբար կրկնում–խնդրում է, որ իրեն հավատան, ապա դա նշանակում է, որ նա պատրաստվում է կամ արել է մի բան, որը շրջապատում հարցեր և կասկածներ է առաջացնելու:

Հիմա Կոնգրեսի առաջնորդը, նրա թիմակիցները պարբերաբար խնդրում են հավատալ իրենց: Եղբա՛յր, եթե դու անելու ես այնպիսի քայլեր, որոնք բխելու են ժողովրդի և երկրի շահերից, ապա ի՞նչն է քեզ ստիպում պարբերաբար հավատալու կոչեր անել: Ստացվում է, որ հենց Կոնգրեսի առաջնորդներն էլ մտավախություն ունեն, որ շուտով հրապարակում հավաքաված առողջ հատվածն իրենց կարմիր քարտ է ցույց տալու: Իսկ կարմիր քարտ է ցույց տալու ոչ թե «Հիմա՛» կոչին չենթարկվելու, այլ ժողովրդին խաբելու համար:

Որևէ բանական մարդ Կոնգրեսից չի պահանջում հենց այսօր գրավել Բաղրամյան 26-ը կամ հեռագրատունը, բայց նաև Կոնգրեսը պետք է հասկանա, որ ժողովուրդն անգիտակից հոտ չէ, որին կարելի է օգտագործել ինչ-ինչ խաղերի համար:

Մարտի 17-ի հանրահավաքն ապացուցեց, որ վարչախմբից դժգոհների թիվն ավելի է մեծացել, և որ նա արմատական փոփոխություններ է պահանջում: Նույն հանրահավքը ցույց տվեց, որ Կոնգրեսը կորցրել է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ և հուսահատ քայլեր է անում համակիրներին չկորցնելու համար:

Անտարակույս, Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմակիցները կարող են վստահ լինել, որ իրենց կողքին հայտնված ֆանատիկոսներին իրենք չեն կորցնի, բայց նրանք շատ քիչ են: Նրանք կորցնում են և շարունակում են կորցնել նրանց, ովքեր հասկանում են, որ երկիրը կործանվում է, իսկ Կոնգրեսը լուծում է մի քանի պատգամավորական մանդատի և նախարարական պորտֆելի հարց:

Նկատելի էր, որ եթե չլիներ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, ապա Տեր-Պետրոսյանը ժողովրդին տուն էր ուղարկելու ոչ թե Ազատության հրապարակից, այլ Մատենադարանից: Եթե Կոնգրեսը չմտներ Ազատության հրապարակ, ապա հաջորդ հանրահավաքին նրանց կողքին կկանգներ մի քանի ֆանատիկոս միայն: Հիմա Կոնգրեսը մի կերպ փրկեց իր դեմքը, բայց հարցերը մնացին անպատասխան:

Նրանք, ովքեր էյֆորիայի մեջ հայտնված՝ մտան Ազատության հրապարակ, վստահ էին, որ իրենք անժամկետ բողոքի գործողություններ են սկսելու և Ազատության հրապարակում են մնալու առնվազն մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց ավելի քան հստակ հասկացրեց, որ անժամեկտ բողոքի գործողությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: Միայն այն, որ հաջորդ հանրահավաքը լինելու է արդեն ապրիլին, շատ խոսուն փաստ է: Հիմա կրքերը կհանդարտվեն, և էլի հազարավորներ կհասկանան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր բոլորովին այլ հարց է լուծվում: Օգտագործելով ժողովրդական զանգվածներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ քայլերով գնում է կոալիցիոն կառավարության ձևավորմանը Սերժ Սարգսյանի հետ:

Շատերն այս հեռանկարը կարող են թերահավատորեն ընդունել, բայց ամեն ինչ հենց սրան է տանում: Հարցրեք Կոնգրեսի ցանկացած առաջնորդի, թե նրանք ի՞նչ քայլեր են իրականացնելու իշխանության գալուց հետո, և կտեսնեք, որ ժողովրդավարության ու Սահմանադրական կարգի վերականգնման մասին խոսելուց բացի, նրանք ոչինչ չեն ասելու: Իսկ մի ուժ, որը ձգտում է իշխանության, գոնե նվազագույն ծրագիր պետք է ունենա: Կոնգրեսն այդ ծրագիրը չունի: Ավելի ճիշտ՝ ունի, բայց դա այն նույն ծրագիրն է, որն ունի Սերժ Սարգսյանը: Նրանց պատկերացումները արտաքին և ներքին քաղաքականությունների վերաբերյալ գրեթե հարյուր տոկոսով համընկնում են: Բնականաբար, այս ամենը հանգեցնելու է սերտաճման արձանագրմանը կոալիցիոն կառավարության տեսքով:

Դա ներկայացվելու է որպես ազգի փրկությունից դրդված քայլ:

Եվ մի կարծեք, թե այս հեռանկարը բացասական հետևանքներ է ունենալու: Ո՛չ, միայն դրակա՛ն: Այս ամենի հետևանքով երկրում դրական տեղաշարժերն անխուսափելի կլինեն: Կձևավորվի նաև իրական ընդդիմություն այս կոալիցիային, և կլինեն դրական տեղաշարժեր քաղաքական դաշտը գորշությունից ազատելու համար:

Իհարկե, այս ամենի համար պետք է ժողովրդի համառ և անդադար պայքարը: Իսկ միչնչև ապրիլի 8-ը երկրում մթնոլորտը բավական փոխված կլինի: Շատ ժամանակ կա, որ հանրահավաքի գնացողները կամ չգնացողները հասկանան, թե որն է Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի նպատակը: Ավելին, մեծ է հավանականությունը, որ մինչև ապրիլի 8-ը վարչախումբը 99 տոկոսով կատարի Լևոն տեր-Պետրոսյանի պահանջները: Բնականաբար, եթե այդ պահանջները կատարվեն, դրանից կշահի միայն ժողովուրդը և երկիրը, քանի որ քաղբանտարկյալներով մենք թույլ են, իսկ երբ հանրահավաքների համար փակ է հրապարակներից գոնե մեկը, ապա մենք խեղճ ենք:

Եվ վերջում պետք է շնորհակալություն հայտնենք Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նույնիսկ հանրահավաքային ելույթներում առավել քան անկեղծ է ժողովրդի հետ: Միայն թե ֆանատիկոսներն այլևս չեն ընկալում, թե նա ինչ է ցանկանում ասել:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը