Լրահոս

19.03.2011 09:33


Հայաստան են ժամանում միջազգային կառույցների և հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ

Մարտի 21-ին Երեւանում կանցկացվի միջազգային համաժողով` ուղղված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի» արդյունքների ներկայացմանը, և «Գերիշխող դիրք. խնդիրները և հետևանքները» թեմայով սեմինար:

Մարտի 22-ին տեղի կունենա ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող ԱՊՀ անդամ պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի հերթական 16-րդ նիստը:

Երկօրյա միջոցառումների ընթացում կներկայացվի Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության անցած ուղին, առկա խնդիրները, ձեռքբերումները և հետագա քայլերը, ինչպես նաեւ այլ երկրների համանման մարմինների փորձը և միջազգային փորձագետների գնահատականները:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի» արդյունքների ներկայացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն է այցելելու նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին:

Անցյալ տարի կազմակերպության փորձագետների կողմից մշակված և ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում հրապարակված զեկույցը համագործակցության առաջին քայլն էր համաշխարհային մեծ հեղինակություն վայելող կազմակերպության հետ և Հայաստանի Հանրապետության մրցակցային քաղաքականության ու օրենսդրության կիրարկման վերաբերյալ համալիր գնահատման առաջին փաստաթուղթը, որում ներկայացված խորհուրդներն ու առաջարկները մեծ ազդեցություն են ունեցել ինչպես մրցակցության ոլորտի ներկա բարեփոխումների գործընթացի, այնպես էլ Հանձնաժողովի գործունեության ուղղությունների մշակման վրա:

Յուրաքանչյուր 5 տարին մեկ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որևէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը: ՄԱԿ-ի 6-րդ համաժողովում, 2010 թվականին, Համաժողովի աշխատանքային մեկ օր նվիրվել է Հայաստանի մրցակցային իրավիճակի, ձեռնարկված բարեփոխումների ներկայացմանն ու քննարկմանը:

Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր զեկույցի նախապատրաստման նպատակով նախապես Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի փորձագետներ:

Համաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Փորձագիտական առաջարկներին արագ և արդյունավետ արձագանքելու համար Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը: Մասնակից երկներից շատերը ցանկություն են հայտնել հետևելու Հայաստանի սկսած բարեփոխումների օրինակին և դրա արդյունքում առաջարկվել է մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի հերթական միջազգային կոնֆերանսը 2011 թվականին անցկացնել Հայաստանում, ինչը հնարավորություն կընձեռի մասնակից երկրներին ծանոթանալ զեկույցի առաջարկների արդյունքում ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից իրակնացվող քայլերին և փոխանակել ունեցած փորձը:

Միջոցառման երկրորդ օրը` մարտի 22-ին Երեւանում կգումարվի ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի համատեղ ուսումնասիրությունների շտաբի հերթական 16-րդ նիստը Նիստի օրկարգում են մասնավորապես` հեռահաղորդակցության, ավիափոխադրումների ոլորտներում և մանրածախ առևտրի շուկայում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների համատեղ ուսումնասիրությունների, ինչպես նաև` ԱՊՀ անդամ երկրներում էներգետիկայի ոլորտում մրցակցային իրավիճակի մասին զեկույցի մշակման արդյունքների շուրջ համատեղ քննարկումները:

ՀՀ ՏՄՊՊՀ 10-ամյակին նվիրված  միջոցառումներին մասնակցելու հրավեր են ստացել ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 15 երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ, դեսպանությունների և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների, մասնավորապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ICAP), Համաշխարհային բանկի (WB), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը