Մեկնաբանություն

22.04.2020 10:10


Բա չիմանա՞նք` Լավրովն է ստո՞ւմ, թե՞ մեր «թավիշներն» են պոչ խաղացնում, ինչպես միշտ

Բա չիմանա՞նք` Լավրովն է ստո՞ւմ, թե՞ մեր «թավիշներն» են պոչ խաղացնում, ինչպես միշտ

Մինչ Փաշինյանը, կորոնավարակը մոռացած, մտածում է «Էքսպրոպրիատորներին էքսպրոպրիացնելու» և «կորոնավիրուսային Սահմանադրական դատարանը» ծնկի բերելու ծրագիրը հաղթական ավարտին հասցնելու մասին, Արցախի գլխին վերստին մութ ամպեր են թանձրանում։

Ռուսաստանի արտգործնախարարն էլի «սխալ է հանել» Հայաստանի վարչա(հրամայա)պետին ու իր արտգործնախարարին, որոնք երդվում են, որ բանակցային սեղանին որևէ կոնկրետ փաստաթուղթ դրված չէ` բանակցություններ, որպես այդպիսին, չկան. պարզապես դեպքից դեպք հանդիպում են ադրբեջանցի «գործընկերների» հետ և ժամերով, երբեմն` օրերով, խորաթա անում «ոչնչի մասին»։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե որքանո՞վ իրատեսական է կորոնավիրուսի պայմաններում Ղարաբաղի հարցը «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերին համահունչ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության» շրջանակներում լուծելու ադրբեջանական մեծ երազանքը, Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ կորոնավիրուսը բանակցային գործընթացին վնաս չէ. «Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են»։

Քննարկումներն էլ, ըստ նրա, փուլային կարգավորման շուրջ են։ Այն է` «փուլային մոտեցմամբ հասնել կարգավորման` առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում` Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս անգամ անձամբ, ոչ թե միջնորդավորված`խոսնակի միջոցով, հակադարձել է, թե աչքով տեսնեք, չհավատաք, որ իշխանությունները կարող են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակացություններում խոսել մեկ բան ու ժողովրդին ներկայացնել այլ բան. «Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար»։

Եվ, ինչպես միշտ, ոչինչ չասող անորոշ ձևակերպումներ է արել հայկական կողմերի «առավել քան հստակ դիրքորոշումների» մասին, որտեղ առաջնային է անվտանգության բաղադրիչը։ Ինչ վերաբերում է «տարածքներին», մեզ համար դա «ամենից բացի անվտանգության գոտի է ու պաշտպանական գծեր։ Որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա`վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։

Նույնիսկ ինքնորոշման սկզբունքին է անդրադարձ արել, որ հանկարծ չմտածենք, թե կարգավիճակի հարցն այլևս դուրս է եկել հայկական օրակարգից, խոսել է փոխզիջումների մասին և վստահեցրել. «Զիջումներ չեն եղել ու չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում և սպառնալիք ԼՂ բնակչությանը։ Այդ սպառնալիքը մնում է ռեալ։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության ու ստատուսի տարրերի»։

Ավա՜ղ, այդպես էլ չի «բացահայտել»` ո՞րն է, ի վերջո, այն կախարդական փայտիկը` իր սրտի վարչա(հրամայա)պետի սրտի լուծումը, որ պետք է կամ կարող է ընդունելի լինել հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում և «հատկապես»` Ադրբեջանի համար։ Ո՞վ է ճիշտ, ո՞վ`սխալ հեռակա այս բանավեճում. իրե՞նք են մոլորեցնում հանրությանը, թե՞ Լավրովն է ստում ի լուր աշխարհի` խոսելով մի տարի առաջ կողմերին ներկայացված և անգամ կորոնավիրուսային հրադադարի պայմաններում ակտիվորեն քննարկվող կոնկրետ «նախագծերի» մասին։

Եվ ամենակարևորը` այդ քննարկումները տխրահռչակ փուլային կարգավորման շո՞ւրջ են, թե՞ ոչ. գոնե փորձո՞ւմ են բանակցությունները վերադարձնել փաթեթային կարգավորման հարթություն, թե՞ «թավշյա» օրակարգում նման խնդիր չկա ու չի եղել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը