Աշխարհ

23.04.2020 20:10


New York Times. «Թուրքիան հավանաբար թաքցնում է կորոնավիրուսից մահացածների իրական թիվը»

New York Times. «Թուրքիան հավանաբար թաքցնում է կորոնավիրուսից մահացածների իրական թիվը»

Ամերիկյան «New York Times» թերթն առաջ է քաշել այն վարկածը, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, թաքցնում է կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի իրական թիվը։ Նման եզրահանգման համար հիմք է ծառայել վերջին տարիներին Թուրքիայում գրանցված մահերի ընդհանուր վիճակագրության ուսումնասիրությունը։

Պարզվել է, օրինակ, որ 2020թ․ մարտի 9-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում միայն Ստամբուլում վերջին երկու տարիների նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշի համեմատ 2․100 –ով ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել։ Այլ կերպ ասած՝ նշված 5 շաբաթների ընթացքում մահվան դեպքերը նախորդ տարիների համեմատ աճել են շուրջ 30 տոկոսով։

Մյուս կողմից, միայն ապրիլի առաջին երկու շաբաթներին գրանցված մահվան ընդհանուր դեպքերի թիվը 50 տոկոսով գերազանցել է նախորդ տարիների միջին ցուցանիշը։

Ընդ որում՝ մահվան դեպքերի աննախադեպ աճը գրանցվել է Թուրքիայում կորոնավիրուսից մահվան առաջին պաշտոնապես հայտարարված դեպքից՝ մարտի 17-ից դեռ շաբաթներ առաջ։

Վերլուծաբանները դա բավարար հիմք են համարում՝ ենթադրելու համար, որ իրականում Թուրքիայում կորոնավիրուսից մահացությունները այդ մասին պաշտոնական հայտարարությունից շատ ավելի վաղ են սկսվել։

Եվ հաշվի առնելով համավարակի տարածման ու ընդհանուր վիճակագրության մեջ մահվան դեպքերի թվի կտրուկ աճի միաժամանակությունը՝ փորձագետները ենթադրում են, որ կորոնավիրուսի պատճառով գրանցված մահվան դեպքերը իրականում գերազանցում են պաշտոնապես հրապարակված թիվը։

Վերլուծաբանները նաև ընդունում են, որ միանշանակ չի կարելի պնդել, թե միջին վիճակագրական թիվը գերազանցող բոլոր մահվան դեպքերը կապված են կորոնավիրուսի հետ, բայց բոլոր հիմքերը կան առնվազն ենթադրելու համար, որ դրանց մի մասն, այնուամենայնիվ, պայմանավորված է կորոնավիրուսով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը