Լրահոս

24.03.2011 17:45


Հովիկ Աբրահամյան. «Goodbye»

Հովիկ Աբրահամյան. «Goodbye»

Դեռ նախորդ քառօրյաներից մեկի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վրդովեցրել էր խորհրդարանի կիսադատարկ դահլիճը:

-Իհարկե բոլոր պատգամավորներին չի վերաբերվում, բայց նստում են դահլիճում, քվեարկություն կազմակերպում և գնում, իրենց գործերով զբաղվում: Իմ կարծիքով նաև ընտրողներն արդեն ինչ-որ որոշում կայացնելու պատճառներ ունեն, որ նման պատգամավորներին չընտրեն ընդհանրապես: Եվ սա ի՞նչ աշխատանքի ոճ է` գալ 12:00-ին, քվեարկել ու գնալ: Ուրեմն սրանից հետո վարողները, 1-2 օր հետո, իհարկե, խմբակցությունների ղեկավարաների հետ պայմանավորվելուց հետո, հարցը կավարտվի, կազմակերպելու են քվեարկություն: Եվ, իմ կարծիքով, իրենք պետք է մտածեն իրենց ապագայի մասին, որ մեկ ամսվա ընթացքում 3-4 օր են գալիս նիստի, բայց այդ 4 օրն էլ չեն բարեհաճում գոնե դահլիճում 6 ժամ անցկացնեն,-զայրացած հայտարարել էր Հ. Աբրահամյանը:

Այսօր արդեն Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ ժամը 12:00-ի փոխարեն մի շարք օրինագծերի քվեարկությունը կկազմակերպվի 17:00-ին:

ԱԺ աշխատանքներն ավարտվելուց մեկ ժամ առաջ նիստերի դահլիճն իրոք աննախադեպ լեփ-լեցուն է եղել: Ներկա են եղել նաև Կորեա-Հայաստան բարեկամության խմբի կորեացի հյուրերը:

Ինչպես և խոստացվել էր, Հ. Աբրահամյանը քվեարկության է դրել հենց այդ պահին քննարկումն ավարտված մանկապղծությանը վերաբերող օրինագիծը: Այն ընդունվել է 85 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետև քվեարկության է դրվել «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այդ պահին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ձեռքը վեր է պարզել և այն թափահարելով վարման կարգի վերաբերյալ  ձայնի իրավունք է խնդրել: Հենց այս ժամանակ էլ շատ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, քանի որ դահլիճից հեռացող կորեացիներին թվացել է, թե Վահան Հովհաննիսյանն իրենց է ցտեսություն մաղթում: Կորացի հյուրերը կանգ են առել և տևական ժամանակ իրենք էլ են սկսել ձեռքերը օդում թափահարել: Իրավիճակը փրկելու համար նույն կերպ վարվել են նաև մյուս բոլոր պատգամավորներն ու Հովիկ Աբրահամյանն, ով իր հերթին նաև ավելացրել է`Goodbye: Հյուրերի հեռանալուց հետո էլ Հովիկ Աբրահամյանի ու պատգամավորների բարձր տրամադրությունը պահպանվել է և նրանք շարունակել են բարձր ծիծաղել:

Քիչ անց Վահան Հովհաննիսյանն այնուհանդերձ ստացել է ձայնի իրավունքը և հայտարարել, որ «Հավաքների ազատության մասին» օրինագծի առաջին ընթերցման քվեարկության ժամանակ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, քանի առաջարկներ են ներկայացրել և սպասում են դրանց ճակատագրին:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 կողմ, 1 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը