Լրահոս

26.03.2011 10:12


Այսօր կկայանա Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը

Այսօր կկայանա Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը

«Եվրո-2012» առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում այսօր կկայանա Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում թարմացվել է խոտածածկը, մաքրվել են տրիբունաները: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այնտեղ արդեն իր հիմնական մարզումն է անցկացրել։

15 հազ. հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտի տոմսերը դեռևս 10 օր առաջ սպառվել են: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, մեծ էկրան է տեղադրվելու, որպեսզի երկրպագուները հնարավորություն ունենան հետևելու այդ հանդիպմանը: Մեծ էկրաններ են տեղադրվել նաև Ռուսաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Տոմսերի 10%–ը տրամադրվել է ռուս երկրպագուներին։ Ոստիկանները խաղի մեկնարկից առաջ հայ և ռուս երկրպագուներին ստուգելու են ալկոթեսթերով:

Երեկ չարտերային չվերթով Երևան է ժամանել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը: Նրանք նույնպես իրենց մարզումներն են անցկացրել հանրապետական մարզադաշտում:

«Մեր ամենամեծ պարգևը կլինի 3 միավորը։ Այս պահին բոլորը կազմ ու պատրաստ են, ոչ մեկը վնասվածքներ չունի: Նույնը կարող եմ ասել նաև հոգեբանական առումով»,-մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:

Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիք Ադվոկատն էլ հայտարարել է, որ շատ բաց խաղ է լինելու, քանի որ երկու թիմերն էլ սիրում են գրոհել, իսկ Հայաստանի հավաքականը մարտական ոգի ունի: Ռուսաստանի հավաքականի մարզիչն ընդգծել է նաև, որ ինքը գոհ կլինի, եթե հաղթեն 2-1 հաշվով: Ադվոկատը հավաստիացրել է, որ ռուս ֆուտբոլիստներից բոլորն էլ լավ մարզավիճակում են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը