Լրահոս

28.03.2011 11:23


Ճանապարհային ոստիկանն իրավունք ունի խախտել օրենքը, եթե...

Ճանապարհային ոստիկանն իրավունք ունի խախտել օրենքը, եթե...

Վերջին շրջանում «7օր»–ը վարորդներից բազմաթիվ ահազանգեր է ստանում, թե ճանապարհային ոստիկաններն իրե՛նք են խախտում երթևեկության կանոնները, և հենց իրե՛նք են վթարային իրավիճակներ ստեղծում։ Մեր խմբագրություն զանգահարած վարորդներից մեկն օրինակ պատմել է, որ հանդիպակաց փողոցից եկող ոստիկանական մեքենան կտրուկ խախտել է հոծ գիծը և կտրել իր ավտոմեքենայի առաջը։

«7օր»–ը ճանապարհային ոստիկանությունից փորձել է ճշտել, թե ոստիկաններն իրավունք ունե՞ն խախտելու երթևեկության կանոնները։

–Այո՛, ունի։ Բոլոր հատուկ նշանակության ավտոմեքենաները՝ ճանապարհային ոստիկանության, ոստիկանության, շտապ օգնության, հրշեջ, այսինքն՝ որոնց վրա կան համապատասխան գրառումներ և հատուկ ձայնային ազդանշաններ, իրավունք ունեն խախտել ճանապարհային երթևեկության կանոները՝ ձայնային և լուսային ազդանշանները միացված վիճակում,–պարզաբանել է Ճանապարհային ոստիկանության հերթապահ Վահե Մարտիրոսյանը։

Եթե ավտոմեքենայի ձայնային և լուսային ազդանշանները միացված չեն, ապա ճանապարհային ոստիկանն իրավունք չունի խախտելու երթևեկության կանոնները, իսկ եթե դրանք միացված են, ապա իրավունք ունի կարմիր լույսի տակով անցնել, հոծ գիծը հատել, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալ և այլն։

Ի դեպ, նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի՝ կապույտ և կարմիր գույներիի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը