Լրահոս

29.03.2011 13:12


Կարինե Դանիելյան. «Ամբողջ Երևանը ահազանգում է»

Կարինե Դանիելյան. «Ամբողջ Երևանը ահազանգում է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը հայտարարել է, թե ինքն արդեն երկու անգամ հանդիպել է Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ և ներկայացրել է Երևանի վերաբերյալ ուսումնասիրություններն ու առաջարկությունները։

Քաղաքապետն ասաց, որ համատեղ կաշխատենք։ Դրական փոփոխությունն այն էր, որ քաղաքապետը հայտարարել է, որ կանաչ տարածքներն  այլևս չեն կառուցապատվելու, բակային տարածքները նույնպես պահպանվելու են, չեն կառուցապատվելու, բարեկարգվելու են։ Կենտրոնն այլևս չի կառուցապատվելու։ Սա շատ կարևոր է։ Եվ լավ է, որ քաղաքապետարանից բնակիչների բողոքներին արձագանքը արագացել է,–ասել  է նա։

Ըստ Կարինե Դանիելյանի, սակայն, չնայած այն բանին, որ քաղաքապետը խոստացել է չկառուցապատել բակային տարածքները, հենց այս պահին Կողբացու–42 և Պուշկինի–40 հասցեներում բակի տարածքի կեսը քանդել են, իսկ մյուս կեսը ապագայում պետք է քանդեն, և բարձրահարկ շենքերը զրկվում են բակային տարածքից։

Բնակիչնեը  բողոքում են, պիկետներ, միտինգներ են անում, բայց ոչինչ չի օգնում, և, ցավոք, համաձայնությունը ստորագրել է գործող քաղաքապետը,–ասել  է նա։

Կարինե Դանիելյանը նշել է, որ իրենք առաջարկել են կետային կառուցապատումը դադարեցնել, վերանայել կենտրոնի գոտիավորումը և անպայման անցկացնել հանրային լսումներ։

–Հենց հիմա ամբողջ Երևանը ահազանգում է՝ Մոնումենտի այգին վերակառուցման տակ է դրված՝ առանց լսումների, Նորքում բնակչությունը բողոքում է Վիշապների այգու կառուցապատումից (ձևակերպել են՝ իբր լսումներ կան, բայց լսում չի եղել, ես գնացել եմ, և լսում չի եղել), գլախվոր պողոտան վերակառուցվում է` լսումներ չեն եղել, բայց պետք է լինեին, և քաղաքապետն էլ այդ հարցին ի պատասխան ասել է, թե գիտե՞ք՝   մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, պետք է կանոնակարգել, թե երբ լինի լսում, իսկ երբ՝ ոչ։ Ես զարմանում եմ. մի՞թե այդ քաղաքապետարանում մեկը չգտնվեց, որ նոր եկած քաղաքապետին ինֆորմացիա տար, թե ինչ պարտավորություններ ունի քաղաքապետարանն այդտեղ. օրենքն է պահանջում լսումներ, մեր միջազգային պարտավորություններն են պահանջում լսումներ,–ընդգծել է նա։

Այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ նոր քաղաքապետը կկատարի իր խոստումները, Կարինե Դանիելյանը պատասխանել է.

Երևի հինգերորդ թե չորրորդ քաղաքապետն է, որի հետ շատ լավ սկսել ենք, շատ վատ վերջացրել, հիմա ինչպես այստեղ կընթանա, չգիտեմ։ Ի դեպ, այս մասին ասացի քաղաքապետին, և նա ասաց՝ ես բացառություն եմ։ Աստված տա՝ այդպես լինի։ Հույսը վերջինն է մեռնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը