Լրահոս

29.03.2011 15:19


Էդուարդ Հովհաննիսյան. «Ամտոմեքենաների տեխնիկական զննությունը ձևական բնույթ է կրում»

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե մեր երկրում ամտոմեքենաների տեխնիկական զննությունը ձևական բնույթ է կրում.

Հաճախ ավտոմեքենան ընդհանրապես տեխզննում չի անցնում, սակայն վարորդներին կտրոն է տրվում։

Նրա խոսքերով՝ տեխզննման կայանները փաստաթղթով սահմանված 64 կետերից այսօր միայն երկուսն են իրականացնում, քանի որ տեխնիկական հագեցվածություն չունեն։

Տրանսպորտի ու կապի նախարարությունը, որն իրականացնում է այս ոլորտի վերահսկողությունը, միայն թղթի վրա է գործ անում,–ընդգծել է Է. Հովհաննիսյանը։

Նա նշել է, թե բազմաթիվ են տեխզննման կայանների ապօրինություններից ու սահմանված գներից դժգոհ վարորդները։

«Աքիլլես» ՀԿ–ի նախագահը նաև փաստել է, թե անթույլատրելի է, որ իրականում տեխզննում չանցած, բայց կտրոն ստացած ավտոմեքենայի վթարի դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնում է վարորդի վրա, այնինչ դրա կեսը պետք է կրի տեխզննման կայանը։

Էդուարդ Հովհաննիսյանը կառավարությանը կոչ է արել ոլորտում համակարգված միջոցառումներ իրականացնել։

Այս խորագրի վերջին նյութերը