Լրահոս

30.03.2011 13:23


Գյուղատնտեսական տարին բարենպաստ է, բայց անցած տարիների անհետևողականությունը կարող է բերքի կորստի պատճառ դառնալ

Գյուղատնտեսական տարին բարենպաստ է, բայց անցած տարիների անհետևողականությունը կարող է բերքի կորստի պատճառ դառնալ

Մամլո ասուլիսի ժամանակ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ–ի նախագահ Հրաչ Բերբերյանը հայտարարել է, թե թեև աշնանացանի հետ կապված՝ ձմեռային երաշտն իր գործն արեց, և 5–10% բերքի կորուստ կունենանք, բայց գյուղատնտեսական տարին վատ չենք սկսել: Նրա խոսքով՝ աշնանացանին հատկապես վնասել են կրծողները:

–Վնաս հասցվել  է ինչպես այգիներին, այնպես էլ աշնանացան ցանքին։ Եթե անցյալ տարի սկսեինք այդ պայքարը, ապա այսօր մենք այդ վիճակը չէինք ունենա։ Հիմա  գյուղնախարարությունը միջոցներ է ձեռնարկում: Լուսաբանվեց էլ, թե ոնց են կրծել ծառերի բները, և  ասեմ, որ այդ ծառերը չեն վերականգնվելու։ Ինչքան էլ գիտնականները փորձեն փորձեր անել, մեկ է՝ 99%–ով չեն վերականգնվելու, եթե բունը շրջանաձև վնասված է։ Եվ  անհարմար է, որ մեր  ինչ–որ  ուսանողներ են տանում, որ մեր  գյուղացուն սովորեցնի, թե ոնց վերականգնի այդ ծառը։ Տգեղ բան է. մեր գյուղացին բոլորին կսովորեցնի,–ասել  է Հրաչ Բերբերյանը։

Ըստ նրա՝  եթե անգամ տարին շատ բարենպաստ լինի, և լավ բերք ստանանք, ապա կունենանք  ծիրանի կայուն բերքի անկում՝ վերացած այգիների հաշվին։

–Կրծողները 2–3 սմ խորությամբ ծառի բունը՝ կեղևը, վերացրել են: Սա հազվագյուտ երևույթ էր, բայց հիմա մասայական բնույթ է կրում հատկապես Արարատյան հարթավայրում: Նույնիսկ վնասել է խաղողին։ Բազմաթիվ անգամ ասացինք, որ ցինկի ֆոսֆատը ոչ էֆեկտիվ է կրծողների դեմ պայքարում, ոչ մեկը չլսեց,–ընդգծել է Հրաչ Բերբերյանը:

Նա նշել, է որ կրծողների դեմ թունաքիմիկատի օգտագործումը պետք է տեղի ունենա նույն օրը, որպեսզի նրանք հարևան տարածք չգնան։

Հրաչ Բերբերյանը նաև նշել է, թե տարին կարտոֆիլի համար էլ է բարենպաստ, և եթե գյուղացին բուժումներ իրականացնի, խնդիրներ չենք ունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը