Լրահոս

31.03.2011 11:10


Ռուս երկրպագուները Հայաստանից ներողություն և փոխահատուցում են պահանջում

Ռուս երկրպագուները Հայաստանից ներողություն և փոխահատուցում են պահանջում

Ռուսական լրատվամիջոցները գրում են, թե Երկրպագուների համառուսաստանյան միությունը պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահին՝ խնդրանքով պարզել Եվրո–2012 ընտրական մրցաշարում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպը։ Նշվում է, որ Երևանում անցկացված այդ հանդիպման ժամանակ ավելի քան 100 ռուս երկրպագուներ չեն կարողացել զբաղեցնել իրենց տեղերը, չնայած որ ունեցել են հյուրերի համար նախատեսված տոմսերը։ Ռուս երկրպագուների նամակում ասվում է, թե հյուրընկալող կողմը թերացել է կազմակերպչական աշխատանքներում։ Ընդգծվում է նաև, որ մարզադաշտի մուտքի և առանձին սեկտորների մոտ մեծ հերթեր են գոյացած եղել։ Ռուս երկրպագուները խնդրում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ քննարկել երկրպագուներից պաշտոնապես ներողություն խնդրելու և նրանց փոխհատուցում տրամադրելու հարցը։

«Մոտ 100 մարդ չի կարողացել մտնել մարզադաշտ: Նրանք ուշացել են խաղից, և չնայած նրանք տոմսեր ունեցել են, շատերին մարզադաշտ չեն թողել: Ընդունող կողմը դա պատճառաբանեց այն հանգամանքով, թե տրիբունան լցված է: Կփորձենք տոմսերի արժեքը վերադարձնել, բայց ամեն դեպքում դա փոքր մխիթարություն կլինի երկրպագուների համար»,-ասել է Երկրպագուների համառուսաստանյան միության նախագահ Ալեքսանդր Շպրիգինը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ևս ռուս երկրպագուների նամակի մասին տեղեկացել են մամուլից։ Այս մասին «7օր»–ին ասել է ՀՖՖ–ի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը։

–Չգիտեմ՝ ինչքանո՞վ է դա ճիշտ։ Չեմ կարող ասել՝ եղե՞լ է, թե՞ չի եղել,–ասել է Տ. Իսրայելյանը՝ հավելելով, թե Ռուսաստանի ֆուտբոլի միությունից իրենք դեռևս ոչ մի դիմում չեն ստացել։

Թե փոխհատուցումը ո՞ր երկրի ֆեդերացիան պետք է տա, Տ. Իսրայելյանի խոսքերով՝ դեռևս պարզ չէ, քանի որ պարզ չէ նաև, թե իրականում ի՞նչ է եղել, և խոսքը կոնկրետ ինչի՞ մասին է։ Նշենք, որ ռուս երկրպագուները Հայաստան–Ռուսաստան հանդիպման տոմսերը ձեռք են բերել իրենց երկրի Ֆուտբոլի միությունից։

Ինչ վերաբերում է կազմակերպչական աշխատանքների հարցում հայկական կողմի թերացումներին ու հենց հերթեր գոյանալուն, ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակը նշել է, թե այդ հարցով պետք է դիմել ոստիկանությանը, քանի որ կարգուկանոնի համար հենց նրանք են պատասխանատու եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը