Լրահոս

31.03.2011 17:28


Եռաբլուր Պանթեոնում հանգչող որդիների մայրերը դիմում–բողոք են ներկայացրել

Եռաբլուր Պանթեոնում հանգչող որդիների մայրերը դիմում–բողոք են ներկայացրել

Մենք`Եռաբլուր Պանթեոնում իրենց հավերժական հանգիստը գտած որդիների մայրերս, հայտնում ենք մեր զայրույթը, մտահահոգությունն ու բողոքը: Մեր որդիների հանգստի համար կառուցված փամփուշտաձև մատուռը դարձել է առք ու վաճառքի, բիզնեսի կենտրոն: Սկզբում անվճար տրամադրվող մոմերը դարձան վճարովի: Հաշտվեցինք այդ փաստի հետ՝ մտածելով, թե կմտնենք մատուռ, առանց մոմ վառելու կաղոթենք Աստծուն: Փաստորեն, ազգի զոհասեղանին որդի դրած մայրը զրկվեց անվճար մոմ վառելու հնարավորությունից: Սակայն այն փաստը, որի հետ ոչ մի կերպ չենք կարող հաշտվել և հանդուրժել, այն է, որ այժմ ցանկացած անձ իր հարազատի դին վերջին գիշերը փողով կարող է բերել Պանթեոնի մատուռ:

Աններելի է՛: Չէ՞ որ այն նվիրված է հայրենիքի համար կռված մարտիկների հոգիների խաղաղությանը: Այն հաղթանակած զինվորի վերջին հանգրվանն է, և պետք է ծառայի ազգի գոյության, բարգավաճման աղոթքներին, և ոչ թե՝ որպես փող աշխատելու միջոց: Մի՞թե մեր հայրենիքում՝ մեր որդիների արյամբ սնված հողում, փոքրիկ մատուռը շատ է մեզ համար: Ինչպե՞ս կարելի է հաղթանակած զինվորին այցի եկած դպրոցականի առջև բացել փամփուշտաձև մատուռի դուռը և դիակ ներկայացնել: Մի՞թե հոգևորականները կորցրել են իրենց խիղճն ու ամոթը: Եվ այդքանով հանդերձ՝ դեռ ցանկանում ենք պայքարե՞լ աղանդների դեմ:

Կարելի է՞ արդյուք որպես գումար վաստակելու միջոց ներմուծել եվրոպական բարքերը, օգտագործել գալիք հաղթանակների համար սերունդ դաստիարակող Եռաբլուր պանթեոնի մատուռը, որտեղ օրվա ցանկացած ժամին այցի են գալիս դպրոցականներ, սփյուռքահայեր, նորապսակներ, ուսանողներ, այսինքն նրանք, ում մտահոգում է հայրենիքի վաղվա օրը:

Հուսով ենք՝ կհարգեք մեր վիշտը և ընթացք կտաք մեր դիմում-բողոքին կամ կպատասխանեք, թե ո՞րն է բիզնեսի, առք ու վաճառքի և որդեկորույս մայրերի վշտի գինը: Որորվհետև մեզ շատ լավ հասկացրեցին, որ ամեն ինչ իր գինն ունի: Մենք այս բողոք-դիմումը ուղարկում ենք բոլոր շահագռգիռ կողմերին: Դիմումը ներկայացվում է Եռաբլուր Պանթեոնի Մայրերի ստորագրություններով: Դիմող՝ Եռաբլուր Պանթեոնի Մայր

Այս կապակցությամբ ապրիլի 3–ին ժամը 11։00–ին տեղի կունենա երթ դեպի Եռաբլուր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը