Քաղաքական

16.07.2020 14:44


Հայկական կողմի վիրավորների ընդհանուր թիվը 20-ն է, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմի վիրավորների ընդհանուր թիվը 20-ն է, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի կողմից միայն երկու դիվերսիոն փորձ նշել չեմ ցանկանում, քանի որ շատ դեպքերում մարտական գործողություններն ընթանում են խառը մարտավարությամբ: Հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած հարվածների հետ զուգահեռ ընթացել են նաև ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողություններ: Այս մասին լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ նշեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հակառակորդի կողմից երկու դիվերսիոն փորձ է արվել:

«Երկու դիվերսիոն փորձը ամենացայտուն դեպքերն են: Մենք անվանում ենք դիվերսիոն գործողություններ, բայց իրենք իրենց ծավալով ավելին են, քան դիվերսիոն գործողությունը, դա դասական մարտավարությամբ հարձակում է: Հարյուր հոգին մի վաշտ է, և քանի որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, բնականաբար, պատրաստվածությունը և սպառազինությունը մեծ է: Վստահ եմ, որ դասական վաշտի կանոններով 100 հոգուն չի աջակցել մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, իսկ դա նշանակում է՝ հարձակման ծավալները մեծ են, քան դասական մարտավարական կանոնագրքերում»,-նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես երեկ է հայտարարել, ՀՀ զինված ուժերը դիտարկում և տեսնում են օդային և ցամաքային տիրույթը և պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային և ցամաքային զորքին և զորախմբին, ինչն այսօր տեսնում ենք:

Հարցին՝ ուսումնասիրությունը ի՞նչ է ցույց տալիս, ե՞րբ են հատուկ ստորաբաժանումներն անցնում գործի, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ որպես կանոն հատուկ ստորաբաժանումները կիրառվում են գործողություններին ծածուկ անակնկալ աննախադեպություն տալու համար. «Սակայն եթե արդեն սկսվել է և էլիտար ստորաբաժանումը 100 հոգանոց միավորով է գործում, բնականաբար, փորձում են ավելի մեծ արդյունք ստանալ, քանի որ ցամաքային զորքերի սովորական համազորային ստորաբաժանումները ի վիճակի չեն գործել և փորձում են էլիտար զինատեսակ կիրառել»:

Հարցին՝ կա՞ արդյոք տեղեկություն՝ Ադրբեջանի հրետանային միջոցները շարունակո՞ւմ են մնալ բնակավայրերին հարող տարածքում և գիշերվա գործողությունների ժամանակ ամենաշատը հակառակորդի կողմից ի՞նչ զրատեխնիկա է կիրառվել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հրետանային միջոցներ և տանկեր են կիրառվել, ինչը որպես կանոն կիրառվում է. «Իսկ արդյոք բնակավայրերում շարունակում են մնալ հրետանային միջոցներ, թե ոչ, չեմ կարծում, որ իրենք սեփական քաղաքացուն գնահատելու բնավորություն ունեն և շարունակելու են թիրախավորել խաղաղ բնակիչներին, որ մեզ հետո մեղադրելու առիթ ունենան»:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ գիշերը վիրավորներ չեն եղել: Վիրավորների թիվը ընդհանուր 20-ն է եղել, 10 հոգու հետ բժիշկներն ավելի երկար են աշխատում, վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը