Լրահոս

06.04.2011 14:18


Ջիվան Գասպարյանին վիրավորում է «Տաշիր–2011»–ի ժամանակ ստացած բնակարանն ուրիշին նվիրելու կոչը

Ջիվան Գասպարյանին վիրավորում է «Տաշիր–2011»–ի ժամանակ ստացած բնակարանն ուրիշին նվիրելու կոչը

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանն, ով նույնպես «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ բնակարան է ստացել, թեև կարծում է, որ ստացողներից ոմանք իրոք արժանի չէին այդ նվերին, սակայն կարծում է, որ արտիստը մեղք չունի, որ իրեն նվիրել են։

–Ես իմ պատմության մեջ առաջին անգամ նման նվեր եմ ստացել,–«7օր»–ի հարցին ի պատասխան ասել է Ջիվան Գասպարյանը՝ նշելով, որ մինչ այժմ միայն կոչումներ և այլ խրախուսական նվերներ է ստացել.

–Այդպիսի նվերներ ես ստացել եմ, բայց ֆինանսական ինչ–որ բան՝ հատկապես Հայաստանից...։ Առաջին անգամ ինձ մի հատ տուն են տվել՝ մի սենյակ, էն էլ պիտի պատերին չոփ խրենք։ Հիմի եթե արժանի չեմ, ասե՛ք։

Ջ. Գասպարյանն ընդգծել է նաև, որ դա Հայաստանի համար նախատեսված օգնություն չի եղել, որ ոչ թե տվել են Հայաստանին, այլ արտիստներին։

–Այդպիսի տղաներին մենք չպետք է վիրավորենք, պետք է, ընդհակառակը, իրենց ոգևորենք, դուխ տանք, էսօր արտիստներին են էդպիսի վերաբերմունք ցույց տվել, վաղը մյուս օրը խեղճ ու կրակ մարդկանց, մյուս օրը բժիշկներին, մյուս անգամ ակադեմիկոսներին, դպրոցներին կտան։ Թե չէ միանգամից էսպես պանիկա անել, էդ մարդիկ կվիրավորվեն։ Իհրակե, կային մարդիկ, որ արժանի չէին, նույնիսկ ես չէի էլ ճանաչում, թե ովքեր են։ Դրա մասին խոսելը բոլորովին ուրիշ է։ Բայց նրանցից ամեն մեկին մի մարդ է տվել, տարբեր մարդիկ։ Իր փողն է՝ ում ուզեցել է տվել է։ Դու իրավունք չունես ասես՝ ինչի՞ ես տվել, նրա՛ն չես տվել։ Էդ մարդն իր ունեցվածքն է տալիս, որևէ մեկից չի վերցնում կամ պետության գումարը չի վերցնում,–ասել  է նա։

Իսկ կոչերը, որ նվեր ստացած այդ բնակարաններն իրենք էլ նվիրել անտուններին, հայտնի դուդուկահարին վիրավորում են.

–Ո՞նց կարելի է։ Ինձ էդ մարդը նվեր է տվել, ես վերցնեմ, ասեմ՝ նվիրում եմ մյուսին։ Նա ինձ կասի՝ ընկեր Գասպարյա՛ն, դու իմ փողով ուրիշին լավություն ես անո՞ւմ։ Էդպիսի մի բան կա չէ՞, հարևանի հարսով, ուրիշին լավություն ես անում։ Եթե պետք լիներ ես կտայի, էլ ինչի պետք է քեզ տամ, դու տաս նրան։ Սա մեծ վիրավորական խոսք է։ Ոնց որ ես գամ ձեր տուն, քո ուրախությանը, քեզ մի հատ նվեր տամ, դու վերցնես, տաս քո հարևանին՝ իմ ներկայությամբ։ Ուրեմն դու վիրավորում ես ինձ, ամո՛թ է,–ընդգծել է Ջիվան Գասպարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը