Լրահոս

07.04.2011 11:44


Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիցները վարկաբեկում են հայ համայնքի հեղինակությունը՞

«Երկրամաս» թերթը գրում է, որ արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում փակցված են երգչուհի Սիլվա Հակոբյանի համերգն ազդարարող պաստառները։ Եվ չնայած հայկական ժամանակակից էստրադայի նկատմամբ Կրասնոդարի հայության ունեցած սիրուն, շատերն իրենց թույլ չեն տա, ու իրենց հարազատներին էլ կարգելեն, որ նման զվարճանքի մասնակցեն։ Համերգը նշանակելով ապրիլի 23–ին՝ նրա կազմակերպիչները հաշվի չեն առել, որ դա Հայոց մեծ եղեռնի նախօրեն է։

Հայտնի է, որ հայկական շատ համայնքներում հայոց ցեղասպանության օրվա հետ կապված միջոցառումների մեկնարկը տրվում է ապրիլի 24–ից մի քանի օր առաջ, երբ կազմակերպվում են համաժողովներ, թեմատիկ կինոդիտումներ, լուսանկարների ցուցահանդեսներ, երիտասարդների ջահերով երթ և այլն։ Իսկ մի շարք երկրներում ապրիլի 24–ին նախորդող շաբաթը պետական մակարդակով հայտարարվում է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»։ Թերթը գրում է, թե զարմացնում է այն փաստը, որ Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիցները այդ ամենի մասին չգիտեն ու նման անխոհեմ գործողություններով վարկաբեկում են ինչպես հայ համայնքի, այնպես էլ հրավիրվող աստղերի հեղինակությունը։

Այս հարցի վերաբերյալ Կրասնոդարում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների վերաբերմունքն այս պահին դեռևս հայտնի չէ, սակայն կասկած չկա, որ եթե համերգի անցկացման օրը չփոխվի, ապա նրանց արձագանքը չի ուշանա։

Այս խորագրի վերջին նյութերը