Քաղաքական

25.07.2020 20:50


Նիկոլ Փաշինյանը սկսել է կասկածել, որ սխալ էր և հասկանալ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը սկսել է կասկածել, որ սխալ էր և հասկանալ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը, որը առանց այդ էլ անհասկանալի փուլեր էր ապրում, այս պահին գրեթե անհնար է դարձնել առարկայական, առավել ևս, որ ադրբեջանական կողմը նշել է իր պահանջները, որի հիմքում, ըստ էության, հենց բանակցությունների մերժումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մեիլք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որով կոչ է արվել օգտվել ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվելով լուրջ առարկայական բանակցությունների հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Մինսկ խմբի համանախագահները Ադրբեջանի հետ առնվազն աշխատանք ունեն կատարելու բանակցությունների վերսկսման տեսանկյունից, որը չի արվել:

«Եթե չկա հասցեական պահանջ, արդեն իսկ կասկածի տակ է դրվում նման կոչերի արդյունավետությունը»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը խնդրահարույց համարեց, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստակամություն են հայտնում հանդիպելու ղեկավարների կամ նրանց կողմից նշանակված անձանց հետ, և նկատեց, որ նման ձևակերպում երբևէ չի հնչել: Ըստ նրա՝ ենթադրվում է, որ նման ձևակերպումը Ադրբեջանի պատճառով է տեղ գտել, քանի որ վերջերս արտաքին գործերի նախարար են փոխել և հնարավոր է բանակցություններին մասնակցի նախագահի օգնականը:

Ինչ վերաբերում է հայտարարության այն հատվածին, ըստ որի՝ վերջին հրապարակային հայտարարությունները, որոնցով քննադատության են ենթարկվում համանախագահ երկրների համատեղ ջանքերը և/կամ փորձ է արվում միակողմանի կերպով նոր «պայմաններ» սահմանել կամ փոփոխել կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը, քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը ցանկանում է կազմակերպել ԵԱՀԿ հավաք, որում 11 գործընկեր երկրների մեջ ներառված է նաև Թուրքիան, սակայն կրկին անգամ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ չի նշվում հասցեականություն:

Նա նկատեց, որ Թուրքիան Ադրբեջանին լուրջ աջակցություն է ցուցաբերում, կարծես թե առաջարկել է, որ արցախյան խնդիրը տեղափոխվի այլ ֆորմատ, ինչի ուղղությամբ թուրք-ադրբեջանական դաշինքը աշխատանք է տանում, և Մինսկի խումբը տեսել է այդ վտանգը:

Քաղաքագետը կարծում է, որ եթե հնարավոր լինի բանակցային սեղանին առաջ տանել կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած մոտեցումները, ապա դրանք կարող են նորմալ դիրքեր ապահովել մեզ համար: «Խոսքը հատկապես վերաբերում է Ադրբեջանի խաղաղություն պարտադրելու ուղղությամբ նախկինում ունեցած դիրքորոշումների վերհանմանը: Այսինքն Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանության գալուց հետո վարչապետը այդ մասին չէր բարձրաձայնում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարեց, որ զրոյից է սկսում ամեն ինչ, և զրոյից սկսելու հետևանքը այս պատերազմն էր, որտեղ Հայաստանը միջազգային դաշնակից չուներ: Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է կասկածել, որ իր որոշումը սխալ էր և նույնիսկ վտանգավոր, և դրա համար փորձում է վերադառնալ այն գործիքներին, որոնք մինչ իր իշխանության գալը կային»:

Ըստ նրա՝ Հայաստանը դրական դիրք ունի բացառապես ռազմական տիրույթում, իսկ մնացած ամեն հարցում մեր երկիրը վերջին երկու տարում կորցրել է ամեն ինչ:

Այս խորագրի վերջին նյութերը