Քաղաքական

30.07.2020 23:22


Ալիևը պետք է հասկանա՝ որքան էլ երազի, Թուրքիան Հայաստանի դեմ Ադրբեջանի համար չի պատերազմի. Վլադիմիր Եվսեև

Ալիևը պետք է հասկանա՝ որքան էլ երազի, Թուրքիան Հայաստանի դեմ Ադրբեջանի համար չի պատերազմի. Վլադիմիր Եվսեև

ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները պրովոկացիոն բնույթ են կրում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ Թուրքիայի և ինչ-որ չափով նաև Ուկրաինայի կողմից աջակցության շնորհիվ է, որ Ադրբեջանը նման վարքագիծ է դրսևորում:

«Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանը պետք է տասը անգամ քչացներ իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Նաև հետաքննության մեխանիզմներ պետք է լինեին և՛ ադրբեջանական, և՛ ղարաբաղյան կողմում: Պետք է վերահսկողություն սահմանվեր, բայց Ադրբեջանը արգելափակեց այդ գործընթացը, սկսեց չկատարել այդ պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Վերլուծաբանն ընդգծեց, որ Ադրբեջանն արգելափակեց նաև ԵԱՀԿ-ի աշխատանքը Հայաստանում. նախ փակեց կառույցի գրասենյակը իր երկրում, հետո ֆինանսի միջոցով կարողացավ ճնշում գործադրել, որ այն փակվի նաև Հայաստանում: «Դրանից հետևում է, որ այս իրավիճակում Ադրբեջանը ագրեսոր է, իսկ հայկական կողմը՝ պատասխանող»,-ասաց նա:

Այս ընթացքում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժությունները, ըստ Վլադիմիր Եվսեևի, այդ ագրեսիայի մասն են: «Տպավարություն է ստեղծվել, որ Ադրբեջանը ցանկանում է վրեժ լուծել վերջին լարվածության ժամանակ իր կորպուսի հրամանատարի մահվան համար»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Թուրքիան իր հարձակողական զենքերից տրամադրի Ադրբեջանին։ «Թուրքիան, իհարկե, նախկինում էլ Ադրբեջանին զինամթերք է մատակարարել: Որոշ տվյալների համաձայն՝ Թուրքիայի զինվորականները ապրիլյան պատերազմի ժամանակ կռվել են ադրբեջանական կողմում, անգամ վիրավորվածները ռազմական ճակատից դուրս էին բերվում թուրքական ինքնաթիռներով:

Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում և ամեն անգամ սրում է իրավիճակը՝ այդպես ցանկանալով իր ազդեցությունը մեծացնել Հարավային Կովկասում»,-ասաց նա:

Անդրադառնալով մինչ զորավարժությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արված զանգի պատճառներին՝ ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ Թուրքիան հետաքրքրված չէ այս տարածաշրջանում մեծամասշտաբ պատերազմի բռնկմամբ:

«Եթե Ղարաբաղում սկսվի պատերազմ, պարզ է, որ դրանում կներգրավվեն մի քանի երկրներ՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը: Թուրքիան իրադարձությունների նման զարգացում չի ցանկանում, քանի որ իր ուժերը հիմա սփռված են տարբեր հակամարտություններում»,-ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, և դրանք միայն իրենց ներկայությամբ չեն սահմանափակվում, դրանք նաև որոշակի գործողություններ են իրականացնում, որի համար օգտագործվում է լոգիստիկա, միջոցներ:

«Թուրքիան, որոշ տեղեկությունների համաձայն, դիտարկում է ռազմական մասնակցություն Եմենի հակամարտությանը: Ուժերի նման դասավորվածությունն արդեն ենթադրում է Թուրքիայի ռազմական ուժերի պոտենցիալի ամբողջական օգտագործում: Դրա համար, ակնհայտ է, որ եթե մեկ այլ հակամարտությունում էլ ներգրավվի, երբ նաև լարված են հարաբերությունները Արևմուտքի` Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, երբ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած պահին էրդողանին թողնել բախտի քմահաճույքին, Թուրքիան չի գնա տարածաշրջանային պատերազմի: Բայց պրովոկացիաներ անել, Ադրբեջանին մղել պատերազմի, ստեղծել պատրանք, թե օգնելու է Ադրբեջանին, Թուրքիան պատրաստ է: Հենց Նախիջևանի զորավարժությունները դա են ցույց տալիս»,-ասաց նա՝ նշելով, որ Թուրքիան ևս պրովոկատոր է:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նման քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ըստ Վլադիմիր Եվսեևի, պետք է նկատել, որ աշխարհի ռազմական հակամարտությունների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները երբեք չեն համընկել, դա վերաբերում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին:

«Ռուսաստանը պարզապես չի ցանկանում, որ կրկնվի նույն իրավիճակը, ինչ եղավ Լիբիայում, երբ քիչ էր մնում Թուրքիայի հետ ռազմական առճակատման գնար: Իհարկե, դա այն պատճառով չէ, որ վախենում է Թուրքիայից, այլ որովհետև վերջինս ուժեղ գործընկեր է իր համար, և նրա դեմ պայքարելն էլ մեծ ռեսուրսներ է պահանջելու: Ռուսաստանը պարզապես խուսափում է նման իրավիճակից»,-ասաց նա, ապա նկատեց, որ Թուրքիան ևս խուսափում է նման իրավիճակից, և չնայած թուրքական մամուլում բարձրացված աղմուկին, իրականում Թուրքիայի հնարավորությունները Ռուսաստանի հետ պայքարում շատ թույլ են:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինչի մասին էլ երազի, Թուրքիան Ադրբեջանի համար չի պատերազմի Հայաստանի դեմ:

«Իհարկե, Թուրքիային կօգնի, բայց Ադրբեջանի համար չի պատերազմի, և դա Ալիևը պետք է հասկանա, չպետք է որևէ պատրանք լինի: Եվ որևէ զորավարժություն չի կարող ասել, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի համար պատերազմել: Դա հիմարություն է»,-ասաց նա:

Այս իրավիճակում, ըստ Վլադիմիր Եվսեևի, Հայաստանը պետք է հանգիստ լինի. ՀՀ-ում ռուսական ռազմաբազան երաշխիք է, որ Թուրքիան չի պատերազմի Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

«Այսինքն՝ Հայաստանի անվտանգությունը երաշխավորում է ռուսական ռազմաբազան, հայ-ռուսական ռազմական խմբավորումների առկայությունը, համատեղ հակաօդային պաշտպանության ուժերը»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը