Լրահոս

08.04.2011 18:17


Շիրակի մարզպետարանով զբաղվում է ԴԱՀԿ-ը

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը համառորեն չի կատարում դատարանում կնքված հաշտության համաձայնագրով իր ստանձնած պարտավորություները: Խոսքը Շիրակի մարզպետերի կողմից 2005-2009 թվականների ընթացքում պետական բյուջեի միջոցներից «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով քաղաքացիներին հատկացված դրամական օժանակությունների մասին տեղեկությունների տրամադրման մասին է:

2010 թվի հունվարի 18-ին Ժուռնսլիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը հարցմամբ Շիրակի մարզպետ Լ.Նանյանից խնդրել էր այդ տեղեկությունները: Մարզպետը նախ պատասխանել էր, տրամադրելով շատ ընդհանրական տեղեկություններ միայն, իսկ երկրորդ հարցմանը ի պատասխան մարզպետը պատասխանել էր, թե դրանք անձնական գաղտնիքներ են հանդիսանում: Լ.Բարսեղյանը, համաձայն չլինելով այդ բացատրությանը, դրամական օժանդակությունների մասին տեղեկություններն ստանալու համար դիմել էր ՀՀ Վարչական դատարան: Երկու ամիս տեւած դատաքննության ավարտին, որը համընկավ նախորդ մարզպետի պաշտոնանկման հետ, գործն ավարտվեց նոր նշանակված մարզպետ Աշոտ Գիզիրյանի եւ հայցվորի միջեւ կնքված հաշտության համաձայնագրով, որի համաձայն հայցվորը ետ էր վերցնելու իր հայցը, իսկ պատասխանողը մինչեւ 2010 թվի հուլիսի 1-ը տրամադրելու էր հարցված տեղեկությունները հետեւյալ մանրամասնությամբ. «2.1. «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին մարզի բնակիչ համարվող կարիքավոր անձանց դիմումներով եւ համապատասխան ուսունասիրությունների արդյունքների հիման վրա որպես ֆինանսական օգնություններ հատկացված գումարները` առանձին-առանձին` ըստ որոշումների, եւ այդ գումարների հատկացման համար Շիրակի մարզպետի կայացրած բոլոր որոշումների պատճենները, կամ այդ ամենի փոխարեն` համառոտագիր հետեւյալ տվյալներով. «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին մարզի բնակիչ համարվող անձանց դիմումների հիման վրա ովքե՞ր (անուն, ազգանուն, հասցե), ե՞րբ (ամիս, ամսաթիվ, տարեթիվ), որքա՞ն (դրամ) եւ ի՞նչ կարիքի համար (կարիքի շատ կարճ նկարագիրը) են ստացել դրամական օժանդակություններ:»

Նշված ժամկետում մարզպետարանը այդ տեղեկությունները չտրամադրեց հայցվորին: Մարզպետին այդ մասին հիշեցնող նամակից հետո մարզպետի տեղակալ Ս.Պետրոսյանը գրավոր տեղեկացրեց, թե դրանք տեղադրված են մարզպետարանի վեբ կայքում, այնինչ այնտեղ տեղադրված էին միայն 2005-2007 թթ. մարզպետների որոշումներով կատարված ֆինանսական օգնությունների մասին համառոտ տեղեկությունները միայն (հիմնականում նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի որոշումները), իսկ էջերի մի մասը (PDF ձեւաչափով) ուղղակի անընթեռելի էին: Լ.Բարսեղյանը երկրորդ նամակը հղեց մարզպետին, հիշեցնելով վճռում ամրագրված հաշտության համաձայնագրով նախատեսված վերջինիս պարտականությունները, սակայն, ապարդյուն:

2010 թվի դեկտեմբերի 6-ին ԺԱԱ խորհդրդի նախագահը դիմեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժին, որոնց օգնությամբ 2011 թվի հունվարի 14-ին մարզպետարանից ստացվեց եւ հայցվորին տրամադրվեց խոստացված տեղեկություններից եւս մեկ բաժին` 2008-2009թթ. հատկացումները, կրկին` առանց շահառուների նույնականացման տվյալների, դրանք թերի են եւ չեն համապատասխանում դատարանի վճռով նախատեսվածին:

Մարտի 30-ին Լ.Բարսեղյանը երկրորդ նամակն է հղել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժին, հերթական անգամ խնդրելով կատարել սեփական պարտականություններն ամբողջությամբ եւ հարկադրել Շիրակի մարզպետին կատարել հաշտության համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները:

Ե´ւ մարզպետին, ե´ւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի պետին հղված նամակներում Լ.Բարսեղյանը տեղեկացրել է, որ ակումբն ունի բազմաթիվ ահազանգեր այդ գումարների ոչ նպատակային ծախսումների` հատկացումների եւ չարաշահումների վերաբերյալ, բացատրվել է, նաեւ, որ այդ տեղեկությունների տրամադրումը կհեշտացնի ահազանգերի ստուգման գործընթացը:

Անցած 10 օրերի ընթացքում (2011 թվի մարտի 30-ից ապրիլի 8-ը), հիմնավոր մտահոգություն ունենալով այն մասին, որ մարզպետն անձամբ տեղեկացված չէ իր անունից կնքված հաշտության համաձայնագրի պահանջների` մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարման դիտավորյալ խոչընդոտման մասին, նպատակ ունենալով արդեն 14 ամիս ձգձգվող այս պատմության մասին ուղիղ հաղորդել մարզպետին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը եւ իրավաբանները հետեւողականորեն փորձել են մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների եւ աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանի միջոցով պայմանավորվել Լ.Բարսեղյանի համար մարզպետի մոտ քաղաքացիական ընդունելության մասին, խնդրելով 5-10 րոպե հանդիպում վերջինիս հետ: Հասկանալի կերպով ակումբի աշխատակիցները չէին կարող իրենց թույլ տալ այս ամենը իրեն ներկայացնելու համար փողոցում մարզպետի ճամփան կտրել, կամ գնալ նրա բնակարան: 10 օր շարունակ, մարզպետարանի աշխատակիցները ձգձգել են նման հանդիպման նշանակման հնարավորությունը, պատճառաբանելով նախ, թե քաղաքացիների ընդունելությունները ուրբաթ օրերին են, ապա` «օրն ու ժամը կճշտենք, կկտեղեկացնենք Ձեզ, ինքը տեղյակ է այդ մասին», ավելի ուշ` «մարզպետը քաղաքում չէ, Երեւանում մասնակցում է սեմինարների, մենք Ձեզ կզանգենք կտեղեկացնենք» եւ այլն: Ակումբի ունեցած տեղեկություններով, այդ ամբողջ ընթացքում, նաեւ այսօր` Շիրակի մարզպետը եղել է Գյումրիում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ.Պողոսյանը մեկ ամիս առաջ հեռուստատեսությամբ դիմելով Ակումբի խորհրդի նախագահին, համառորեն կոչում էր համագործակցության եւ պնդում, թե մարզպետարանը պատրաստ է համագործակցել ինչպես բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, այնպես էլ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ: Այժմ ապացուցվեց, որ դա այդպես չէ:

Հենվելով վերը բերվածի վրա, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է.

  1. Շիրակի մարզպետարանը, նախկին մարզպետ Լ.Նանյանի եւ ներկա մարզպետ Ա.Գիզիրյանի գլխավորությամբ, մեզնից եւ հանրությունից հետեւողականորեն թաքցնում է հարկատուների միջոցներից կարիքավոր քաղաքացիներին հատկացված մոտ 70 մլն դրամի մասին տեղեկություններն այնպես, որ անհնարին է պարզել այդ հատկացումների իսկությունն ու արդարացվածությունը:
  2. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մնում է այն համոզմանը, որ խնդրո առարկա տեղեկությունների տրամադրման խոչընդոտումը պայմանավորված է ՀՀ պետբյուջեից «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով Շիրակի մարզում 2007-2009 թվականներին արված ծախսումներում առկա են լուրջ չարաշահումներով: Ակումբը հետեւողականորեն աշխատելու է հանրությունից գաղտնի պահվող եւ օրենքով սահմանված գաղտնիքներ չպարունակող տեղեկությունների բացահայտման եւ հանրային սեփականություն դարձնելու ուղղությամբ:
  3. Շիրակի մարզպետարանը իր աշխատակազմի վերը նկարագրված անգործության, ոչ հրապարակային աշխատանքի եւ մարզպետի մոտ քաղաքացու ընդունելություն կազմակերպելու անկարողությամբ վերջակետ դրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համագործակցությանը: Ակումբը այսուհետ բացառում է որեւէ համագործակցություն մարզպետարանի հետ այնքան ժամանակ, քամի դեռ մարզպետարանը տեղի ունեցածում իր վարքի պատշաճ բացատրությամբ հանդես չի եկել: Մինչ այդ այս դիրքորոշումը ակումբը կարող է վերանայել միայն արտակարգ իրավիճակների դեպքում: Մինչ այդ ակումբը ավելի հեշտ է գտնում մարզպետարանի հետ գործ է ունենալու չոր գրագրություն, դրա վերադասների եւ դատարանների միջոցով:                                                             Ժուռնսլիստների «Ասպարեզ» ակում

Այս խորագրի վերջին նյութերը