Լրահոս

09.04.2011 11:08


Մերձավոր Արևելքի իրանա–արաբական հակամարտությունը կարող է սկիզբը դառնալ բոլորի պատերազմին ընդդեմ բոլորի

Ապրիլի 8–ին Իրանի մայրաքաղաքում՝ ՄԱԿ–ի ներկայացուցչության շենքի դիմաց, տեղի է ունեցել Բահրեյնի շիայական ընդդիմության հետ համերաշխություն արտահայտող հերթական գործողությունը, որտեղ հարյուրավոր մարդիկ իրենց բողոքն են հայտնել Բահրեյնի շիաների ցույցերի դաժան ճնշման դեմ։ Նրանք նաև քննադատել են Բահրեյնի ղեկավարող սուննի ընտանիքին ցուցաբերված Սաուդյան Արաբիայի ռազմական օգնությունը։

Իրանի նկատմամբ պատասխան համակրանք են հայտնել Բահրեյնի ընդդիմության ներկայացուցիչները, որոնք այաթոլահ Ալի Խոմենեիին ուղղված նամակում գրել են. «Մենք հետևում ենք ձեր կանոններին ու հավատքին։ Մենք ցանկանում ենք ձեզ բողոքել ալ–Խալիֆայի վարչակարգի բռնությունների դեմ։ Մեզ շատ ծանր ճնշում են»։

Իր հերթին Բահրեյնի Սենատը, քննադատելով Իրանի խորհրդարանի կոմիտեի հայտարարությունը, այն անվանել է «բաց միջամտություն Բահրեյնի ներքին գործերին»։

Ի պաշտպանություն Բահրեյնի՝ ելույթ է ունեցել Պաղեստինի արտգործնախարար Ռիազ ալ–Մալեքին՝ ասելով. «Մենք մեր աջակցությունն ենք հայտնել Բահրեյնի կառավարությանը ու հայտարարում ենք, որ Պաղեստինի ժողովուրդն ու ղեկավարությունը քննադատում են Բահրեյնի դեմ դավադրությունը»։

Նմանօրինակ հայտարարությամբ է հանդես եկել և Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին։ Նա ընդգծել է, որ արաբները իրանցիներին շատ պատասխանատու են վերաբերվել, ինչպես եղբայրական երկրի, բայց, «դժբախտաբար, Իրանում այն որպես թուլության նշան են դիտել։ Մենք բաց ասում ենք՝ իրանական քաղաքականությունը այսուհետ անընդունելի է»։

Նշենք, որ պաղեստինյան իշխանության ու Լիբանանի նախկին վարչապետի հակառակորդները՝ ՀԱՄԱՍ–ն ու Հզբոլահը, սերտորեն համագործակցում են Իրանի հետ։ Իրանի կողմն է անցել նաև Իրաքը։ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին օրերս հայտարարել է, որ ԱՄՆ–ը պաշտպանում է Մերձավոր Արևելքի սուննիական վարչակարգերին։ Եվ վերջապես հնչեց Իրանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ նա չի հանդուրժի զինվորական խոշոր ուժերի տեղակայումը Իրանի սահմանների մոտ ու Պարսկական ծոցում։ Ահմադինեջադի խոսքերով՝ ռազմական թվակազմի տեղակայումը «կդիտվի որպես ռազմական գործողությունների սկիզբ ու համարժեք պատասխան կստանա»։

Այս խորագրի վերջին նյութերը