Լրահոս

11.04.2011 13:32


Երգահան. «Եթե մեր մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն է, էլ ի՞նչ եք ուզում»

Այսօր լրագրողների հետ հանդիպում են ունեցել երգահաններ Ռուբեն Հախվերդյանն ու Դավիթ Ամալյանը։ Նրանք խոսել են հայկական շոու բիզնեսում տիրող իրավիճակի և մասնավորապես «Տաշիր 2011»–ի մասին։

Ռուբեն Հախվերդյանն ասել է. «Եթե մեր մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն է, էլ ի՞նչ եք ուզում»։ Նա ընդգծել է՝ մենք կորցրել ենք մեր դեմքը։ Նրա կարծիքով՝ հայ երգիչների երգերը ասելիք չունեն և անհասկանալի են, և այդ դեպքում ավելի լավ է անգլերենը լսել ու ճաշակ զարգացնել, թեև դրանք նույնպես անհասկանալի են։

Երգահանը գտնում է, որ պաստառներին շոու բիզնեսի ներկայացուցիչների փոխարեն պետք է մեր հերոսների նկարները փակցված լինեին, որպեսզի երեխաները ներշնչվեին նրանցով։

Նրա խոսքերով՝ մեր երկրում իսկական մտավորականներ գրեթե չկան, ինչպիսիք էին Մոնթեն ու մյուսները, ապա հավելել է, թե մտավորականության ճշմարիտ ներկայացուցիչ է համարում միայն Ժիրայր Սեֆիլյանին։

Դավիթ Ամալյանն էլ նշել է, որ այսօր ոչ ոք չի նկատում, թե ինչու են իմաստ չունեցող ու ոչինչ չասող երգերը հեղեղել մեր եթերը։ Նա նկատել է, որ ժողովուրդը հայ էստրադային երգիչների ցածր որակի մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ նրանց բնակարաններ նվիրեցին «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ՝ հավելելով, թե եթե ինքը մշակույթի նախարար լիներ, ապա կհետևեր ոչ թե նրան, թե երգիչները կենդանի՞, թե՞ ձայնագրված ելույթներով են հանդես գալիս, այլ՝ թե ի՞նչ են երգում։

Այս խորագրի վերջին նյութերը