Լրահոս

13.04.2011 10:40


Լիբիայի ապստամբները Քադաֆիին մեղադրում են 10 հազ. մարդու սպանության համար

Լիբիայի ապստամբները Քադաֆիին մեղադրում են 10 հազ. մարդու սպանության համար

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, լիբիացի ապստամբների ներկայացուցիչը երեկ հայտարարել է, թե Լիբիայում քաղաքացիական պատերազմ սկսելուց ի վեր  Քադաֆիի զորքերի կողմից շուրջ 10 հազար մարդ է սպանվել։

Բացի դա, Բենգազիի հաղորդած տվյալների համաձայն՝ Քադաֆիին հավատարիմ զորքերի գործողություններից շուրջ 30 հազ. մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ մոտ 20 հազ. մարդ համարվում է անհայտ կորած։

Ապստամբ կառավարության ներկայացուցիչը ամփոփելով այս տվյալները՝ հայտարարել է, թե Լիբիայի  խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված քայլերը ոչ բավարար է համարում։

«BBC»–ն էլ հաղորդում է, որ երեկ Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ որոշում են ընդունել խստացնել Լիբիայի բռնակալ ղեկավար Մուամար Քադաֆիի պատժամիջոցները։

Այս մասին հաղորդել է ԵՄ դիվանագիտությունը ղեկավարող Քեթրին Էշթոնը։

Միևնույն ժամանակ, սակայն, նա չի նշել, թե ինչ նոր պատժամիջոցներ են կիրառվելու Քադաֆիի  վարչակազմի  նկատմամբ, միայն հավելել է, թե ԵՄ անդամ պետությունները շարունակելու են Լիբիային ամբողջությամբ զրկել նավթի և գազի արտահանումից ստացված միջոցներից։

Այս խորագրի վերջին նյութերը