Լրահոս

13.04.2011 11:38


Արմեն Հովհաննիսյան. «Առաջնորդապաշտական բոլոր այդ շարժումներն արդեն ժամանակավրեպ են ու պետք է հեռանան»

Արմեն Հովհաննիսյան. «Առաջնորդապաշտական բոլոր այդ շարժումներն արդեն ժամանակավրեպ են ու պետք է հեռանան»

Ապրիլի 8–ի ՀԱԿ հանրահավաքի իր  ելույթում Լևոն Տեր–Պետրոսյանը բավական մեծ հատված էր նվիրել «երրորդ ուժ» ներկայացնող խմբերին ու անհատներին կամ Կարապետ Ռուբինյանի խոսքերով՝ «երրորդուժականներին»։ Մեկնաբանելով այդ հանգամանքը՝ լրագրող, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանն ասել է, թե դժավարանում է դա մեկնաբանել, քանի որ Լևոն Տեր–Պետրոսյանը  կոնկրետ քաղաքական ուժի ղեկավար է, ով իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարի յուրահատուկ միջոց ունի՝ դեռևս 1990–ականներին ձևավորված.

Ինձ դա մի քիչ 90–ականների մթնոլորտը հիշեցրեց, որովհետև եթե նայենք, Լևոն Տեր–Պետրոսյանի ամենահիշվող լավագույն ճառերն ինչ–որ մեկի, ինչ–որ մի քաղաքական ուժի, թշնամու դեմ էին,–ասել է Ա. Հովհաննիսյանը։

Նա նաև ընդգծել է, թե իր կարծիքով՝ երրորդ ուժ հասկացություն գոյություն չունի։ Նրա խոսքերով՝ գոյություն ունեն կարգեր, որոնք հասել են քաղաքացիների կոկորդին, և կան մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել այդ կարգերը.

Այստեղ միայն մի տրամաբանություն կա։ Եթե այդ ուժերից մեկը հայտարարում է, որ դրանցից մի մասն է ու սկսում է իր կողքը կանգնած բոլոր մնացածին այդպես քննադատել, ես այստեղ նախընտրական տրամաբանություն եմ տեսնում։ Այսինքն          այն խոսակցությունները, որ ՀԱԿ–ը գնում է պարզապես ընտրություններին՝ առանց հաղթելու ինչ–որ լուրջ ակնկալիքների, շատ իրական է ինձ թվում,–նշել է նա ու հավելել, որ այդ պարագայում նույն դաշտում խաղացող  ցանկացած ուժ արդեն դիտարկվում է որպես մրցակից։

«2008թ. Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարում էր, որ իրեն պետք է որպես գործիք օգտագործեն։ Այսօր նա գործիքից ի՞նչ գործառույթ է իրականում կատարում» հարցին ի պատասխան՝ Արմեն Հովհաննիսյանն ասել է, թե չի ցանկանում նման գնահատականներ տալ, քանի որ դա ՀԱԿ–ի կուսակիցների խնդիրն է, թե ինչպես են նրանք իրենց զգում.

Ինչ–որ լարվածություն, դժգոհություն ակնհայտ տեսնում եմ այդտեղ։ Թող իրենք իրենց խնդիրները լուծեն, չէի ցանկանա այս ծանր պահին միանալ որևէ ճամբարի։ Ընդհանրապես ես գտնում եմ, որ առաջնորդապաշտական բոլոր այդ շարժումներն արդեն ժամանակավրեպ են ու պետք է հեռանան, այլ տիպի ուժեր գան, որոնք միանում են գաղափարների ու շահերի շուրջ։ Կարծում եմ՝ շատ շուտով ականատես կլինենք, որ այդպիսի ուժերն օբյեկտիվորեն կչեզոքանան. պատմության տրամաբանություն է դա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը