Քաղաքական

29.08.2020 08:02


Այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ. «Հրապարակ»

Այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ. «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա կարողացել է լուծել իր հարցերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանված ժամկետում վարույթ չհարուցեց հայտնի փարթիի գործով, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի մեկնաբանությամբ՝ հիմնավոր փաստերը բացակայում են։ «Հիմա ուսումնասիրում ենք պատգամավորի հայտարարագիրը, եւ դեռ վաղ է ասել, որ հետագայում վարույթ չի հարուցվի»,-ավելացրեց նա։ Ըստ նրա, մամուլի հրապարակումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք հանձնաժողովին հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացնել, հենց այդ պատճառով էլ շարունակում են ուսումնասիրել հայտարարագիրը՝ դրա համար 90-օրյա ժամկետ ունեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սեւանա լճի «White Shorja» լողափին առանց դիմակների փարթիին պատգամավորի մասնակցության փաստը տեւական ժամանակ քննարկվում էր։ Խնդրահարույցը ոչ միայն զանգվածային միջոցառում կազմակերպելու փաստն էր, այլեւ այն, որ լողափը պատկանում է պատգամավորին, թեեւ թղթերով ոմն Արտյոմ Մելքումյանինն է, որն աշխատել է Սարգսյաններին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում: Այսինքն, պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչի իրավունքը չունի։

Իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում կասկածելի տվյալներ են հայտնաբերվել՝ տարբերություն օրինական եկամուտների եւ հայտարարագրվածի միջեւ։ Հայտնի միջադեպից մեկ ամսից ավելի է անցել, եւ հանձնաժողովը պետք է ավարտած լիներ ուսումնասիրությունն ու վարույթ հարուցեր, ինչը չի արվել։

Այս խորագրի վերջին նյութերը