Մեկնաբանություն

01.09.2020 22:25


Պուտինը Հայաստան զանգելու խնդիր չունի, բայց Փաշինյանի համար «կրեմլյան բաժանորդն» անհասանելի է

Պուտինը Հայաստան զանգելու խնդիր չունի, բայց Փաշինյանի համար «կրեմլյան բաժանորդն» անհասանելի է

Անհնար է չնկատել ակնհայտը: Տեսեք, «հուլիսյան դեպքերի»՝ Տավուշի սահմանագոտում հակառակորդի հրահրած ագրեսիայի, սահմանային մարտերի ընթացքում և դրանից հետո, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու մեր երկրի ղեկավարության, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի միջև անգամ հեռախոսակապ չհաստատվեց: Այսինքն, Կրեմլից Երևան չզանգեցին:

Դժվար է ասել՝ այդ օրերին Երևանից Կրեմլ զանգող եղե՞լ է, թե՞ ոչ, բայց արձանագրված իրողությունն այն է, որ նման իրավիճակում ռազմավարական դաշնակիցների ղեկավարների միջև գոնե հեռախոսակապ չի հաստատվել: Մի բան, որ քիչ է ասել, թե տարօրինակ է, եթե չասվի, որ արտառոց է:

Մենք մեկ անգամ չէ, որ ուշադրություն ենք դարձրել այդ հանգամանքի վրա, անդրադարձել նման պատկերի հնարավոր պատճառներին և շարժառիթներին: Ու իրավիճակի արտառոցությունն առավել ևս աչքի է զարնում այն բանի խորապատկերում, որ նույն այդ օրերին Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում ստեղծված կացությունը հեռախոսակապի միջոցով քննարկում էր մեկ Թուրքիայի ղեկավար Էրդողանի հետ, հետո՝ Ադրբեջանի «կիրթ» նախագահ Ալիևի հետ:

Հայաստանի «թավշյա» վարչապետի ակտիվում միայն Միշուստինի հետ Սինսկում ունեցած «քաղաքավարական» հանդիպումն է, այն էլ՝ այլ միջոցառման շրջանակներում:

Մեկ անգամ չէ ասվել, որ նման վիճակը պայմանավորված է Ռուսաստանի ղեկավարության ու Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների շատ վատ վիճակով: Մի բան, որ այս կամ այն կերպ կարող է անդրադառնալ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վիճակի ու որակի վրա: Համենայն դեպս, Հայաստանի հանդեպ բացահայտորեն թշնամական տրամադրված Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վերջին շրջանի ակտիվացման հաշվարկների տակ նաև այդ հանգամանքը կարող է լինել, եթե չասվի, որ թուրքական նկրտումների շարքում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելը կայուն առկա է:

Ինչևէ:

Հարցը տվյալ դեպքում այլ բանի մասին է: Իսկ ավելի որոշակի այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարության, նույն Վլադիմիր Պուտինի համար խնդիր չէ Հայաստան զանգահարելը: Ողջ հարցն այն է, թե ո՞ւմ զանգել և ինչու:

Օգոստոսի 31-ին Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն էր: Երեկ տարածված տեղեկությունը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին և շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, ինքնին այնքան խոսուն է, որ մի կողմից՝ հավելյալ մեկնաբանությունների կարիք չի զգացվում:

Բայց մյուս կողմից էլ՝ ճիշտ չի լինի պարզապես լուռ արձանագրել այդ փաստը: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը ոչ միայն պաշտոնավարման ընթացքում աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են հաստատել, այլև ընկերական, բարեկամական հարաբերություններ ունեն, ինչի մասին նրանք առիթ ունեցել են արտահայտվելու: Ավելին, Վլադիմիր Պուտինը այս ընթացքում, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելու ընթացքում, այդ թվում՝ հրապարակավ, իր աջակցությունն է հայտնել թե՛ Հայաստանի երկրորդ նախագահին, թե՛ նրա տիկնոջը, ընտանիքին: Հիրավի, գնահատելի մարդկային հատկանիշ:

Այդ խորապատկերում է՛լ ավելի է ընդգծվում այն անանցանելի անդունդը, որ առկա է Հայաստանում իշխանության եկած «թավիշների», Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահի, ռուսական իշխող շրջանակների միջև:

Որքան էլ ասենք, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Հայաստանում կոնկրետ քաղաքական գործիչներն են, այլ մեր պետությունը՝ ընդհանուր առմամբ, միևնույն է, ղեկավարների փոխհարաբերությունները այս կամ այն կերպ իրենց ազդեցությունը թողնում են նաև միջպետական հարաբերությունների որակի ու վիճակի վրա:

Այնպես որ՝ Պուտինը Հայաստան զանգահարելու խնդիր չունի: Հայաստանի օրվա իշխանությունը ՌԴ–ին հասանելիության խնդիր ունի, ըստ որում, ոչ միայն հեռախոսակապով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը