Լրահոս

15.04.2011 12:39


Սոցիոլոգ. «ՀԱԿ–ը ծայրահեղ ընդդիմադիր դաշտից տեղափոխվում է դեպի կենտրոնամետ ընդդիմություն»

Սոցիոլոգ. «ՀԱԿ–ը ծայրահեղ ընդդիմադիր դաշտից տեղափոխվում է դեպի կենտրոնամետ ընդդիմություն»

«Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված իր հարցումների արդյունքները, ըստ որոնց ընտրություններում ՀԱԿ–ի հնարավորությունները գնալով մեծանում են, այն դեպքում, երբ ժողովրդի շարքերում դժգոհություն է նկատվում ՀԱԿ–ի ոչ կտրուկ քայլերի պատճառով։ Նա ասել է, թե Լևոն Տեր–Պետրոսյանի մարտավարությունն այն է, որ նա ծայրահեղ ընդդիմադիր դաշտից տեղափոխվում է դեպի կենտրոնամետ ընդդիմություն՝ ձգտելով ամբողջ դաշտը ձգել իրեն, ինչու ոչ՝ մի փոքր էլ իշխանական թևից, որովհետև այնտեղ կան մարդիկ, ովքեր դժգոհ են իշխանություններից ու կողմ են իշխանափոխությանը, և եթե զգան, որ ինչ–որ մեկը հաղթում է, ձայնը կտան նրան։

–Այդ պատճառով էլ ընդդիմադիր ծայրահեղ, ըմբոստ էլեկտորատը, իհարկե, դժգոհ կլինի, որովհետև տաք գլուխներ են, ովքեր ուզում են հենց հիմա, ինչպես իրենք են պատկերացնում՝ ցանկացած միջոցով, հասնել իրենց նպատակին,–նշել է նա։

Ա. Ադիբեկյանը կարծում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ավելի շուտ կզոհաբերի ծայրահեղ ընդդիմության ձայները՝ նպատակ ունենալով ձայներ հավաքել դաշտի մյուս մասում։ Այս քայլերը նշանակում են, որ ՀԱԿ–ը դառնում է նորմալ քաղաքական ուժ, որը ընդդիմադիր է և պատրաստ է ժողովրդավարական մեթոդներով գալ իշխանության

–Դրանով է պայմանավորված, որ նա հրաժարվել է ծայրահեղ ձախակողմյան լոզունգներից՝ ավազակախումբ, ավազակապետություն և նման պիտակներից,–նկատել է սոցիոլոգը։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կա՞ արդյոք ՀԱԿ–իշխանություն պայմանավորվածություն, Ադիբեկյանը, ում սոցիոլոգւական հարցումները բազմիցս արժանացել են ՀԱԿ տարբեր  ներկայացուցիչների հեգնանքին, և ով բազմիցս  խիստ բացասական տարբեր տիպի որակումներ է տվել Լևոն Տեր–Պետրոսյանին, նշել է. «Այս պարագայում, երբ նրանք պահանջում են արատահերթ ընտրություններ, պահանջում են հրաժարական և այլն, չի կարող լինել ոչ մի պայմանավորվածություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը