Լրահոս

20.04.2011 17:15


ՌԱՀՀԿ-ը դիտարկեց արաբական հեղափոխությունների ալիքի` Հարավային Կովկաս ներթափանցման հնարավորությունը

Արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած վերջին հեղափոխական զարգացումների խորապատկերին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր քննարկում անցկացրեց «Կլոր սեղանի» շուրջ` արծարծելով այդ իրադարձությունների ալիքի` Հարավային Կովկասի երկրներ, այդ թվում Հայաստան ներթափանցման հնարավորության խնդիրը: Ի մասնավորի` դիտարկվեցին Թունիսում, Եգիպտոսում, Հորդանանում, Եմենում, Լիբիայում, Սիրիայում եւ տարածագոտու այլ երկրներում զանգվածային դժգոհություններ հարուցած սոցիալ-քաղաքական գործընթացների նախադրյալներն ու մարտահրավերները, ինչպեսեւ դրանց միջազգային արձագանքները:

Սեմինար-քննարկմանը հրավիրված հյուրերի թվում էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային առաքելությունների պաշտոնյաներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, հիմնախնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք եւ լրագրողներ:

Բացման խոսքում ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը Հյուսիսային Աֆրիկայի եւ արաբական աշխարհի մի շարք երկրներում հեղափոխական իրադարձությունների զարգացումը պայմանավորեց ընդհանուր մթնոլորտի փոփոխություններով եւ, մասնավորապես, հասարակությունների դերի արժեւորմամբ: «Գրեթե նույն վիճակն է նաեւ Հայաստանում` հասարակությունը մերժում է վարվող քաղաքականությունը, չի հավատում այլեւս այն խոստումներին, որոնցով փորձում են իրեն «կերակրել»»,- նշեց Սարգսյանը:

Իր զեկույցում արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանն անդրադարձավ արաբական երկրներում տնտեսական անհամաչափության խնդրին, որն, ըստ նրա, տեղ գտած բուռն անցքերի սկզբնապատճառն է: Զեկուցողի բերած թվերի համաձայն` մեկ շնչին ընկնող տարեկան եկամտի հաշվով տնտեսական անհամաչափության կորը այդ պետություններում տատանվում է 30 հազար ԱՄՆ դոլարից մինչեւ 670 դոլարի միջակայքում, ուստիեւ դեպքերի զարգացման առումով ամեն երկիր ունի իր յուրահատկությունը: Հովհաննիսյանը նշեց մեր տարածաշրջանի վրա արաբական դեպքերի ազդեցության երեք հիմնական ուղղություն` աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական եւ տնտեսական: «Բոլոր գործընթացների հիմքը դարձան Թունիսում, Եգիպտոսում եւ այլուր արդյունաբերական ծրագրերի ձախողումը, հատկապես պարենային ճգնաժամով պայմանավորված գների կտրուկ աճը, ինչպեսեւ ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի հարվածը»,- շեշտեց բանախոսը` թեմայի համատեքստում նոր երանգներ տեսնելով նաեւ աշխուժացած իսլամական արմատականության մեջ, որն, ըստ նրա, ընդարձակման միտումներ ունի:

Այն տեսակետը, թե արաբական աշխարհում համաժողովրդական զայրույթի ալիքն ուժգնացավ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, հարակից իր զեկույցում զարգացրեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը` միաժամանակ հավելելով ոչ պակաս կարեւոր եւս մեկ հանգամանք. դա հասարակության եւ իշխանության միջեւ մեծացող անջրպետն է: «Հարավային Կովկասի տարածաշրջանում թերեւս միայն Ադրբեջանն է, որտեղ արաբական հեղափոխությունների ազդեցությունը կարող է զգալի լինել, որովհետեւ այդտեղ իսլամական գործոնը բավականին զորեղ է: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Վրաստանին, ապա առաջինի պարագայում իշխանությանը, կարծես թե, հաջողվում է լիցքաթափել ժողովրդի ցասումը, իսկ երկրորդի պարագայում օգնում են Վրաստանի արեւմտամետությունը եւ այն իրողությունը, որ այդտեղ օրենքները փոքրիշատե աշխատում են»,- համոզմունք հայտնեց Բեգիջանյանը: Նրա խոսքով` արաբ ժողովրդին ոտքի հանեց տնտեսական վատ վիճակը, սակայն առկա խժդժություններից օգտվել է ջանում տարածաշրջանում շահեր ունեցող Արեւմուտքը:

Քննարկման ընթացքում եւ ավարտին ծավալված հարցուպատասխանին ու մտքերի փոխանակությանը մասնակցեցին ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը, «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ ղեկավար Արմեն Գրիգորյանը, Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արմեն Թորոսյանը եւ ուրիշներ: Լուսաբանվեցին գլխավորապես ժողովրդական հուզումների դեպքում ԼՂՀ-ին սպառնացող վտանգի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ընդունման, բաժանարար նոր գծերի առաջացման մարտահրավերների եւ ՀՀ-ում ժողովրդագրական աղետալի վիճակի հետ կապված հարցեր:

Սեմինարի աշխատանքն ամփոփեց ՌԱՀՀԿ տնօրենը` տեղեկացնելով, որ առաջիկա մայիսին քննարկվելիք հարցերի օրակարգը թույլ կտա նոր հայացքով չափել ՀՀ ներքաղաքական ու ներհասարակական զարգացումների, ինչպես նաեւ միջազգային մոտեցումների բովանդակությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Այս խորագրի վերջին նյութերը