Լրահոս

22.04.2011 15:23


Թուրքիայի քրդերը հասել են իրենց նպատակին և ընտրություններին մասնակցելու իրավունք են ձեռք բերել

Թուրքիայի քրդերը հասել են իրենց նպատակին և ընտրություններին մասնակցելու իրավունք են ձեռք բերել

Ինչպես հաղորդում է տեղական «Today’s Zaman» թերթը, Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հանել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին քուրդ թեկնածուների մասնակցության վրա դրված արգելքը։

Ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ ավելի վաղ մերժում ստացած քուրդ 7 անկախ թեկնածուներից 6–ը ընտրվելու իրավունք է ձեռք բերել։

Մասնավորապես, ընտրվելու  իրավունք ստացած թեկնածուների թվում հայտնվել է նաև  քրդական ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Լեյլա Զանան։

Հիշեցնենք, որ ընտրություններին քուրդ քաղաքական գործիչների մասնակցելու արգելքի մասին որոշումն ընդունվել էր ապրիլի 18–ին։ Արգելքը 12 թեկնածուների էր  վերաբերում, որոնցից 7–ը քուրդ բնակչությունից էին։ Որոշումը հիմնավորվել էր նրանով, որ նախկինում նրանք բոլորը դատապարտված են եղել, ինչը նրանց ինքնաբերաբար զրկում է ընտրվելու  իրավունքից։ Ընդգծվում էր, թե այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Այս որոշման դեմ քուրդ բնակչությունը բողոքի գործողություններ է իրականացրել, որոնք շարունակվել են մի քանի օր։

Հաղորդվում  էր, որ ոստիկանների հետ բախումների հետևանքով վիրավորներ և անգամ զոհեր են եղել։

Չորեքշաբթի ելույթով հանդես է եկել երկրի նախագահ Աբդուլահ  Գյուլն ու կողմերին կոչ արել զիջումների գնալ։

Այս խորագրի վերջին նյութերը