Քաղաքական

12.11.2020 11:52


Կարդացեք 9 կետերը, մի՞թե դրանք հնարավոր էր պատրաստել մեկ ժամվա ընթացքում. ռուս փորձագետ

Կարդացեք 9 կետերը, մի՞թե դրանք հնարավոր էր պատրաստել մեկ ժամվա ընթացքում. ռուս փորձագետ

Որոշ փորձագիտական շրջանակներ նոյեմբերի 9-ի Ալիեւ-Պուտին-Փաշինյան հայտարարության վերաբերյալ արդեն իսկ գնահատել են, որ 8 կետերի կատարման համար որեւէ ամրագրված իրավական պարտավորություն չունենք, որովհետեւ սա եռակողմ հայտարարություն է եւ ոչ համաձայնագիր։ Մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործոն՝ այն Մինսկի խմբի հետ համաձայնեցված գործողություն չէ եւ դեռ կարող է շարունակություն ունենալ, մանեւրելու դաշտ եւ հնարավորություններ: Նման մեկնաբանությունների տեղիք է տալիս այն, որ հնարավոր է՝ Ռուսաստանն էլ մի շարք կետերի մասին հայտարարել է՝ հասկանալով, որ դրանց շուրջ համաձայնություններ կարող են երբեք էլ չկայանալ: Օրինակ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի որեւէ միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարում անընդունելի է ԱՄՆ-ի համար, ինչը նշանակում է, որ Թուրքիան չի կարող լինել որեւէ մոնիթորինգային խմբում:

Ավելին, Մինսկի խմբի երկրների միջեւ կարծես վաղուց պայմանավորվածություն է եղել, որ համանախագահող երկրները չեն կարող լինել խաղաղապահ առաքելություններում: Եվ, հետեւաբար, հարցադրում․ եթե Ռուսաստանը, այդուհանդերձ, խաղաղապահ առաքելությամբ եկել է Արցախ, որտե՞ղ է երաշխիքը, որ Մինսկի խմբում դրան չեն ընդդիմանա, եւ վերջնահաշվում խաղաղապահ առաքելությունը բազմազգ չի դառնա` ի հաշիվ սկանադինավյան խաղաղարար-դիտորդների, որոնց ԱՄՆ-ն էր մտադիր բերել:

Ինչպես հաղորդում է «Հրապարակ»-ը, ուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը սա անհեթեթություն է համարում։ «Ի՞նչ փաստաթղթի մասին եք խոսում, եթե արդեն գործողություններն են։ Մեր զրահատեխնիկան արդեն Հադրութում է։ Елки палки մեր տեխնիկայով այնտեղ ենք գնում, մեր ինքնաթիռները։ Ձեր այդ մեկնաբանություններն ո՞ւմ են հետաքրքրում Մոսկվայում, ո՞ւմ՝ Փարիզում, ԱՄՆ-ում։ Վերջ։ Պարտիան տանուլ է տրված։ Իսկ ով այդպես է կարծում, ուրեմն թող վերցնի ավտոմատն ու առաջ։ Պետք չէ շաղակրատել։ Ամեն ինչ տանուլ է տրված»։

Ստանիսլավ Տարասովը հեգնանքով նկատում է․ «Այս փաստաթուղթը հո մեկ օրում չի՞ պատրաստվել։ Ինչո՞ւ եք էմոցիաների տակ, մի՞թե հասկանալի չէ․․․ մի հատ կարդացեք 9 կետերը։ Մի՞թե այդ 9 կետերը հնարավոր էր պատրաստել 1 ժամվա ընթացքում։ Այնտեղ ամեն ինչ ամրագրված է․ սցենար, մանրամասներ, դետալներ։ Նայեք, թե ինչ գրագետ են գործում ռուսական խաղաղապահները՝ նրանց երթուղին, գրաֆիկը․ սա հո մի օրո՞ւմ չի արվել։

Սա՝ առաջին։ Եվ երկրորդ՝ սրանք այն խաղաղապահները չեն, որ կանգնած էին Վրաստանում՝ 2008 թվականի օգոստոսին։ Սա կոնկրետ ռազմական ստորաբաժանում է, որն ի վիճակի է ի կատար ածել յուրաքանչյուր մասշտաբի ռազմական օպերացիա։ Նորից եմ կրկնում՝ վերջ։ Գնացքը գնացել է»։

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում փոփոխություններ լինեն, եւ վերջնական համաձայնագրում այլ բան ամրագրվի, Տարասովն ասում է․ «Մինսկի խումբը, կրկնում եմ, այսօ՞ր է նման առաջարկություն արել։ Ի՞նչ նոր սրբագրումներ, նյուանսներ։ Դրանք կարող են լինել միայն շատ ուշ՝ 5 տարի անց, երբ քննարկվի Արցախի մնացորդների կարգավիճակի հարցը, քանի որ այնտեղ դեռ հայեր են ապրում։ Պետք է այս կարգավիճակը լուծվի»։

Տարասովն այս համատեքստում հայտարարեց նաեւ, թե վստահ են, որ Ադրբեջանը հավակնություններ չի ունենա Արցախի այդ մասի վրա, ապա ավելացրեց․ «Մի խոսքով, քննարկվելու է, թե կտրված Արցախը (նկատի ունի Լաչինի միջանցքով Հայաստանից կտրված եւ հարավից՝ Իրանից) ինչ կարգավիճակ է ունենալու՝ միացվելու է Հայաստանի՞ն, թե՞ ինքնուրույն պետություն կլինի։ Սա բարդ խնդիր է, որն էլ պետք է լուծի ԵԱՀԿ ՄԽ-ն։ Այն որեւէ այլ խնդրի լուծման համար այլեւս պետք չի գա»։ Տարասովը նաեւ հավելեց՝ սա մոտ ապագայում չի լինի․ խաղաղապահները դեռ 5 տարի լինելու են Լաչինի միջանցքում ու շփման գծի երկայնքով։ «Դուք պատկերացնո՞ւմ եք․ տեխնիկա, այնտեղ պետք է վերականգնվեն ենթակառուցվածքները, պետք է վերականգնվի Ստեփանակերտի ռազմական օդակայանը, պետք է անցկացվի ռոտացիա, մատակարարում։ Եվ եթե սա լինի, ապա կլինի Մոսկվա-Ստեփանակերտ ավիաչվերթ։ Եթե լինեն ենթակառուցվածքներ, Արցախի հայերը կունենան աշխատանք, այնտեղ հիմա բազա է ստեղծվում, բազա՛։ Այնպես որ, 5 տարուց կտեսնենք»։

Ռուսաստանցի վերլուծաբանը նաեւ հավելեց, որ եթե Հայաստանը հրաժարվի Արցախի ֆինանսավորումից՝ այն համարելով «պրոռուսական», ապա այդ ֆինանսավորումն իր վրա կվերցնի Մոսկվան։ Եվ վերջին հարցը․ Հայաստանի ու Արցախի միջեւ կապի մասին՝ Լաչինի միջանցքով, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ։ «Այնտեղ կանգնած են լինելու ռուս սահմանապահները, ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ Ռուսներ։ Պետք լինի՝ կբացեն, պետք լինի՝ կփակեն»։

Նախիջեւանից դեպի Ադրբեջան տրանսպորտային միջանցքն էլ, որտեղ եւս տեղակայվելու են խաղաղապահներ, հնարավոր է բացվի։ Այս միջանցքի մասին էլ Տարասովն ասում է․ «Եթե Թուրքիան իրեն կարգին պահի, մաքսանենգություն չլինի, խնդրեմ՝ թող մեքենաները գնան-գան։ Եթե ինչ-որ գրոհայիններ բերեն, զենք, ուղղակի կփակենք։ Սա շատ հեշտ է։ Մի բան էլ կա․ ափսոս էր Շուշին։ Դուք այն հանձնեցիք, մենք՝ չէ։ Մենք առնվազն Շուշիի մասով բազում հարցեր ունենք»։

Ինչո՞ւ հանձնեցինք։ Տարասովն ասում է՝ կռվել պետք է կարողանայիք։ Ինչպե՞ս կարողանայինք կռվել 8 պետության ու ժամանակակից զենքի արսենալի դեմ։ Տարասովն ասում է․ «Դուք ինչո՞վ էիք մտածում։ Դուք հասկանո՞ւմ էիք՝ ինչ դիրքում եք գտնվում, ով է ձեզ շրջապատում․․․ Արեւմուտքը մեզ կօգնի։ Օգնե՞ց։ Ո՞վ օգնեց՝ ռուսները, որոնց Արցախում արդեն դիմավորում են որպես ազատագրողների։ Սա փողոցային, ամբոխի քաղաքականության արդյունքն է․․․ Ի սեր Աստծո, հայը մեծ ու տաղանդավոր ժողովուրդ է, բայց քաղաքական գործիչների հարցում ձեր բախտը չի բերում»։

Այս խորագրի վերջին նյութերը