Քաղաքական

19.11.2020 18:32


Քաղաքը, որը քո հաղթանակի խորհրդանիշն է եղել՝ ի՞նչ իրավունքով է կարելի էդպես բնութագրել. Նարինե Աղաբալյան

Քաղաքը, որը քո հաղթանակի խորհրդանիշն է եղել՝ ի՞նչ իրավունքով է կարելի էդպես բնութագրել. Նարինե Աղաբալյան

Քաղաքը, որը քո մշակույթի հոգևոր կյանքի կենտրոնն է եղել, քո հաղթանակի խորհրդանիշն է եղել՝ ի՞նչ իրավունքով է կարելի էդպես բնութագրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր:

168.am-ը ուսումնասիրեց միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ տարբեր կառույցների ու բարերարների կողմից Շուշիում արված ծրագրերը: Հիմնադրամի կայքէջի «Շուշիի շրջան» բաժնում առանձնացրեցինք մի քանի խոշոր նախաձեռնություն, որոնք այս տարիների ընթացքում իրականացվել են Շուշիում, նկատենք՝ դրանցից մի քանիսն անգամ նոր են ավարտվել: Ըստ հիմնադրամի՝ կան նաեւ ծրագրեր, որոնք դեռ ընթացքում էին:

Շուշիի գրադարանի հիմնանորոգում. Սկիզբ եւ ավարտ՝ 1 փետրվարի 2010 – 15 օգոստոսի 2011, բյուջե՝ $152,720.00, կարգավիճակ՝ ավարտված

Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի վերանորոգում. Սկիզբ եւ ավարտ՝ 26 հունիսի 2020 – 30 հոկտեմբերի 2020, բյուջե՝ $171,630.00, կարգավիճակ՝ ընթացիկ

Արեւային Արցախ. Սկիզբ եւ ավարտ՝ 23 հունվարի 2018 – 29 հոկտեմբերի 2020, բյուջե՝ $129,313.00, կարգավիճակ՝ ընթացիկ

Արեւային վահանակների տեղադրում Շուշիի եւ Ասկերանի շրջանների բնակավայրերում. Սկիզբ եւ ավարտ՝ 1 հունվարի 2018 – 1 դեկտեմբերի 2018, կարգավիճակ՝ ավարտված

Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանին սարքավորումների եւ գույքի տրամադրում. Սկիզբ եւ ավարտ՝ 6 հունվարի 2012 – 16 հունվարի 2018, բյուջե՝ $291,552.00, կարգավիճակ՝ ավարտված

Օգնություն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին. Սկիզբ եւ ավարտ՝ 12 նոյեմբերի 2014 – 4 հունվարի 2019, բյուջե՝ $700,015.00, կարգավիճակ՝ ավարտված:

Ամարաս, Դադիվանք, Սուրբ Ղազանչեցոց վանական համալիրների տարածքում սանհանգույցների կառուցում. Սկիզբ եւ ավարտ՝ 16 օգոստոսի 2016 – 31 հոկտեմբերի 2017, բյուջե՝ $117,785.00, կարգավիճակ՝ ավարտված

ԼՂՀ Շուշի Քաղաքի բնակելի շենքերի տանիքների վերակառուցում. Սկիզբ եւ ավարտ՝ 1 հունվարի 2010 – 31 դեկտեմբերի 2010, բյուջե՝ $379,608.00, կարգավիճակ՝ ավարտված

Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի բարեկարգում. Սկիզբ եւ ավարտ՝ 24 դեկտեմբերի 2009 – 30 նոյեմբերի 2010, բյուջե՝ $863,971.00, կարգավիճակ՝ ավարտված

Շուշիի ռեալական ուսումնարան. Կարգավիճակ՝ ավարտված

Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի վերակառուցում. Սկիզբ եւ ավարտ՝ 22 փետրվարի 2010 – 19 հուլիսի 2017, բյուջե՝ $1,324,089.00, կարգավիճակ՝ ավարտված

Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի վերակառուցում. Սկիզբ եւ ավարտ՝ 19 նոյեմբերի 2009 – 15 հոկտեմբերի 2012, բյուջե՝ $2,232,248.00, կարգավիճակ՝ ավարտված

Գիշերօթիկ մանկապարտեզի կառուցում Շուշիում. Սկիզբ եւ ավարտ՝ 17 սեպտեմբերի 2010 – 30 դեկտեմբերի 2016, բյուջե՝ $814,816.00, կարգավիճակ՝ ավարտված:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը մանրամասնորեն անդրադարձավ Շուշիի հոգեւոր ու մշակութային ժառանգությանը, այնտեղ արված հսկայածավալ աշխատանքներին:

Հարցին, թե համամի՞տ է արդյոք վարչապետի հնչեցրած տեսակետի հետ, թե Շուշիի վերականգնման համար չենք արել բավարար չափով աշխատանք, Նարինե Աղաբալյանը պատասխանեց.

«Իհարկե համաձայն չեմ, եւ, ընդհանրապես, համարում եմ, որ առնվազն անբարոյական է նման հայտարարություն անելը, որովհետեւ քաղաքը, որը քո մշակույթի հոգեւոր կյանքի կենտրոնն է եղել, որը քո մտավոր ներուժի զարգացման միջավայրն է եղել, որը նաեւ քո հաղթանակի խորհրդանիշն է եղել, չգիտեմ՝ ի՞նչ տրամաբանությամբ եւ ի՞նչ իրավունքով է կարելի էդպես բնութագրել:

Քաղաքը, որը քո մշակույթի հոգևոր կյանքի կենտրոնն է եղել, քո հաղթանակի խորհրդանիշն է եղել՝ ի՞նչ իրավունքով է կարելի էդպես բնութագրել:

Մենք 1992 թվականին, երբ ազատագրել ենք Շուշին, բնականաբար, նաեւ ուզում էինք Շուշիին վերադարձնել իր երբեմնի դիմագիծը եւ նորից վերածնել-վերականգնել՝ որպես հոգեւոր մշակութային կենտրոն, ինչն էլ եղել է պետական քաղաքականության հիմքում՝ եւ ոչ միայն պետական ծրագրերով, այլեւ ամբողջ հայությունն է մասնակցել Շուշին՝ որպես մշակութային կենտրոն վերականգնելու ծրագրին»:

ԱՀ մշակույթի նախկին նախարարը հավելեց, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, մշակութային օջախներ են բացվել. «2011թ.-ին Համահայկական դրամահավաքը նվիրված է եղել հենց Շուշիի վերականգնմանը, եւ հենց այդ տարվանից սկսած՝ դա բեկումնային է եղել Շուշիի համար:

Ամեն տարի նորանոր օջախներ էին վերաբացվում, պատմական շենքեր էին վերականգնվում, եւ մեկ տարվա մեջ, սա անձամբ ես կարող եմ վկայել, մենք երեք թանգարան ենք բացել Շուշիում՝ Շուշիի Կերպարվեստի թանգարանը, Գորգերի թանգարանը եւ Քարերի թանգարանը»:

Շուրջ 9 տարի ԱՀ Մշակույթի եւ կրթության նախարարությունը ղեկավարած մեր զրուցակիցը նշեց, որ ուրախությամբ է ընդունել Մշակույթի նախարարությունը Շուշի տեղափոխելու՝ ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի առաջարկը. «2012 թվականի հոկտեմբերին Արցախի Հանրապետության Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխվեց Շուշի:

Մենք ակամա կատարեցինք Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի հիմնադիրների՝ Ղուկասյան եղբայրների պատգամը: Զարմանալիորեն չիմանալով պատմությունը, որ, երբ նրանք 1913 թ.-ին կառուցել էին Մարիամյան օրիորդաց դպրոցը, դպրոցի կանոնների մեջ պատգամել էին, որ եթե ինչ-ինչ պատճառներով դպրոցը դադարի գործել, ապա եւ՛ շինությունները, եւ՛իրենց հատկացրած գումարների տոկոսները պետք է ծառայեն ազգանպաստ, աստվածահաճո մեկ այլ հաստատության:

Հենց դա է իրականացվել. Մշակույթի նախարարությունը տեղակայվել է հենց Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքում, ինչը եւ՛ խորհդանշական էր, եւ՛ վերստեղծում էր այն նույն միջավայրը, որ ունեցել ենք: Չէ՞ որ Շուշին մի ամբողջ դար եղել է հայկական մշակույթի, կրթության, հոգեւոր կենտրոնը եւ հայտնի է եղել ամբողջ տարածաշրջանում»:

Նարինե Աղաբալյանը հիշեցրեց, որ Էջմիածնից հետո առաջին հայկական տպագրությունը 1826 թ.-ին հիմնադրվել է Շուշիում, հենց Շուշիից է սկսել զարգանալ թատրոնը. «Արհեստների ու արվեստների քաղաք բնորոշումը ստացած Շուշին մեր օրերում նորից սկսել էր վերածնվել, վերականգնվել՝ որպես այդպիսին:

Ե՛վ թատրոնն էր վերականգնվել, եւ՛ երգչախումբը. Լիբանանից Զաքար Քեշիշյանը ամեն տարի գալիս էր, ու Շուշիում մեկ երեխա չկար, որ անցած չլիներ այդ երգչախմբով: Բազմաթիվ սփյուռքահայեր են ներդրումներ կատարել այնտեղ. Նարեկը Հարությունյան ստեղծեց Նարեկացի արվեստի կենտրոնը, որը Շուշիի լավագույն մշակութային օջախներից էր, բազմաթիվ հայերի ջանքերով ստեղծվել ու մինչեւ վերջերս գործում էր Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցը:

Այս ընթացքում գրեթե այնպիսի տարի չի եղել, որ մի քանի օջախներ չվերականգնվեն: Այն նույն մշակույթի տունը, որն ադրբեջանցիներն այդպես ավերեցին, մենք համայն հայության ջանքերով էինք կառուցել եւ հատուկ՝ Ճապոնիայում ես ինքս պատվիրել էի այդ գործիքը՝ ռոյալը, որը Արամ Ղարաբեկյանի ընտանիքի նվիրատվությամբ էր նաեւ ձեռք բերվել: Այսինքն՝ բոլոր հայերի պարծանքը, հպարտությունը եւ ոգեշնչողն էր Շուշին:

Ինչպե՞ս կարելի է մռայլ անվանել քաղաքը, որտեղ այդքան երիտասարդություն կար. Շուշիում գործում էր Տեխնոլոգիական համալսարանը, տարածաշրջանում լավագույն արհեստագործական դպրոցը՝ «Եզնիկ Մոզյան» վարժարանը, Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մասնաճյուղը: Այսինքն՝ միաժամանակ նաեւ խախտվել է այդ բոլոր երեխաների կրթական իրավունքը: Կարծում եմ՝ սրա մասին եւս պետք է բարձրաձայնել՝ փորձելով պաշտպանել այդ իրավունքները:

Շուշին նաեւ միջազգային հարթակ էր դարձել ստեղծագործողների համար. այդտեղ տարիներ շարունակ եւ՛ միջազգային քանդակագործության սիմպոզիում է կազմակերպվել, եւ՛ օպերաներ են բեմադրվել, եւ՛ փառատոներ են կազմակերպվել:

Ես հիմա խոսքեր չեմ գտնելու ասելու, պարզապես շատ զավեշտալի է, որ 1830-ականներին, երբ Շուշիի մի քանի մեծահարուստ հայեր գնացին Բաղդասար Մետրոպոլիտի մոտ եւ խնդրեցին իրենց թուրք ծառաների համար ազգային դպրոց բացել, Բաղդասար Մետրոպոլիտը նրանց ասաց՝ «Ես ձեզ զգուշացնում եմ, որ 100 տարի հետո ձեր թուրք ծառաների թոռները վառելու են Շուշին», եւ նույնիսկ 100 տարին չլրացած՝ դա կատարվեց, բայց դժվար թե Բաղդասար Մետրոպոլիտի կամ որեւէ մեկի մտքով անցներ, որ եւս 100 տարի հետո Շուշին ավերվելու է, ու կորցնելու ենք ներքին թշնամու կամ մեր դավաճանության պատճառով»:

Ի պատասխան հարցին, թե տեղյա՞կ է արդյոք՝ ինչ քայլեր են արվում Շուշիի մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ, նա խորհուրդ տվեց դիմել ԱՀ Մշակույթի եւ կրթության ներկայիս նախարարին՝ հավելելով, որ անկարելի է այդպիսի հզոր հայկական ժառանգությունը թողնել անտեր. «Պատերազմի հետքը չչորացած՝ նրանք արդեն Ղազանչեցոցն են պղծում: Իհա՛րկե, պետք է բարձրաձայնել, իհա՛րկե պետք է բոլոր իրավասու կառույցներին դիմել եւ ամեն գնով պաշտպանել մեր ժառանգությունը, տեր կանգնել, հակառակ դեպքում՝ մեր սերունդները մեզ չեն ների»:

Նարինե Աղաբալյանը վստահ է՝ եթե անգամ մենք էլ չկարողանանք, մեր սերունդներն անպայման վերադարձնելու են Շուշին:

Այս խորագրի վերջին նյութերը