Լրահոս

30.04.2011 15:12


Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարություն - խոշոր բիզնես. հանդիպում առանց փողկապի

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարություն - խոշոր բիզնես. հանդիպում առանց փողկապի

Պետական եկամուտների կոմիտեն և բիզնեսը պետք է բոլոր խնդիրները համատեղ լուծեն: Սա նաև երկրի ղեկավարի հանձնարարականն է: Այս առումով նախաձեռնությամբ է հանդես գալիս նաև ՀՀ Գործարարների և արդյունաբերողների միությունը` աշխատանքային քննարկումներ կազմակերպելով ՊԵԿ ղեկավարության և գործարարների միջև: Առանց փողկապի հերթական հանդիպմանը քննարկվել է իրականացվող բարեփոխումների ընթացքը: Կլոր սեղանի շուրջ էին ՊԵԿ ղեկավարությունն ու հայաստանյան խոշոր գործարարները:

Մեր երկրի պետբյուջեի հարկերի 80 տոկոսից ավելին վճարում են խոշոր հարկատուները և առաջին հերթին` ԱԱՀ վճարողները` շուրջ 4 հազար կազմակերպություն: Այսինքն` սա այն բիզնեսն է, որը որոշիչ է մեր տնտեսության համար. գրեթե ամբողջ հարկային բեռը նրանց ուսերին է: Հետևաբար Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության համար կարևոր է լսել նրանցից յուրաքանչյուրին և հենց բիզնես-աշխարհից իմանալ, թե որքանով է իրեն արդարացնում կոմիտեի ընտրած ճանապարհը, իրականացվող վարչարարությունը, ինչն էլ կառույցի ղեկավարությանը հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ կայացնել` առաջիկա քայլերն իրականացնելիս: Քննարկման ձևաչափն արդյունավետ է և անփոփոխ` հանդիպում առանց փողկապի:

«Մեր տնտեսության դեմքը նաև այս բիզնեսի միջոցով է ներկայացված, հետևաբար այս ձևաչափով քննարկումները նաև մեզ են ոգևորում: Փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծվում: ՊԵԿ-ը չի խուսափում այսօր բիզնեսի հետ դեմ առ դեմ հանդիպել ու խոսել»,-նշում է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

ՊԵԿ-ի գլխավորը խնդիրը բյուջետային մուտքերի ապահովումն է, ինչի համար երկու ճանապարհ կա` տնտեսության աշխուժացում և հարկային վարչարարություն:  Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նախապատվությունն առաջինին է տալիս. «Մենք գնում ենք նրան, որ տնտեսությունն աշխուժացնելու միջոցով շանս տանք բիզնեսին ինքնահայտարարագրել գործունեությունը և հարկերը վճարել կամավոր»:

Գործարկվում է ռիսկերի կառավարման համակարգ. այս փուլում կառույցի գլխավոր նպատակն է ստեղծել հզոր բազա և սերվերային կենտրոն, որտեղ կկուտակվի ամբողջ տեղեկատվությունը: Այս առումով համապատսխան հաշվարկներ և վերլուծություններ ՀԲ-ի հետ արդեն իսկ արվել են, ինչին կհաջորդի նաև լուրջ մասնագետ-վերլուծաբանների ներգրավումը գործընթացներին: Խոշոր բիզնեսին Գագիկ Խաչատրյանը տեղեկացնում է` էլեկտրոնային կառավարման ոլորտում առաջիկայում էական նորամուծություններ են սպասվում, որոնք ավելի թափանցիկ կդարձնեն համակարգը բիզնեսի համար` միաժամանակ սերտացնելով շփումը հարկային մարմնի հետ: Համակարգի ղեկավարությունը նպատակարահմար է գտնում բոլոր այդ նախագծերը նախ բիզնեսի հետ քննարկել և հաշվի առնել նրանց տեսակետներն ու առաջարկները:

«ՊԵԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի բիզնեսի զարգացմանը ՀՀ-ում: Առաջին անգամ եմ նկատում նման մոտեցումներ: 21-րդ դարում  բիզնեսը պետք է ինքը սկսի ազնիվ աշխատել. մեզ մոտ սկսել են: Հարկեր թաքցնելն այլևս  ոչ մեկի ձեռնտու չէ` հատկապես խոշորին, այդ ժամանակները վաղուց անցել են»,-ընդգծում է ՀՀ Ոսկերչական  և ադամանդագործական ընկերությունների հիմնադիր Գագիկ Աբրահամյանը:

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը ևս նկատել է` մթնոլորտ է փոխվում: Ամենակարևորը` վստահության մթնոլորտն է հարկային մարմնի և գործարար աշխարհի միջև, ինչն այսօր ձևավորվել է: «Գործարների միությունում շատ ենք քննարկել` այսօր կա վստահություն, և, իսկապես, ՊԵԿ գործելակերպը փոխվել է վերջին ժամանակներս. առաջ իշխանությունների հետ հադիպելիս եթե առաջին հարցը հարկային վարչարարությունն էր, ԱԱՀ վերադարձելիության խնդիրը, ապա հիմա այդ խնդիրների շուրջ այլևս չենք խոսում, օրակարգում այլ հարցեր են արդեն»:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվում. այս ձևաչափով քննարկումները շարունակել նաև հետագայում:

Այս խորագրի վերջին նյութերը