Լրահոս

03.05.2011 15:20


Հայկական բանկերի՝ ՊԵԿ–ի հետ գործառույթների 90 տոկոսն էլեկտրոնային է

Պետական եկամուտների կոմիտեն նոր ձևաչափ է որդեգրել, որն արդյունավետ է և' կոմիտեի, և' բիզնեսի համար: Ոլորտային հերթական հանդիպումը և քննարկումներն անմիջական մթնոլորտում բանկային համակարգի ղեկավարության հետ էր: Հայկական գրեթե բոլոր բանկերը հանդիսանում են խոշոր հարկատուներ. 2010-ին բանկերը պետբյուջե են փոխանցել 12,9մլրդ դրամի հարկեր: ՊԵԿ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում բանկերի ղեկավարները ոչ միայն իրականացվող բարեփոխումների ընթացքին են տեղեկացել, այլ նաև հնարավորություն են ունեցել բարձրացնել տարբեր հարցեր:

Յուրաքանչյուր գործարար Պետական եկամուտների կոմիտեում ունենալու է իր, այսպես կոչված, անձնական գրասենյակը. կոմիտեում այդպես են անվանում նոր նեդրվող էլեկտրոնային ծրագիրը, որը հարկատունների և հարկային մարմինների միջև օն-լայն շփման կատարելագործում է ենթադրում: Այսինքն` ծրագրի գործարկման պահից բոլոր գործարարներին հատուկ ծածկագիր է տրամադրվելու, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող այն բոլոր տվյալները, որոնք ՊԵԿ-ում են ֆիքսվում` կատարված ներմուծումներից մինչև քարտեր, գերավճարներ, հաշվանցումներ և այլն: Ծրագրի առավելությունները համակարգի ղեկավար Գագիկ Խաչատրյանը ներկայացնում է խոշոր հարկատու հանդիսացող հայաստանյան բանկերի ղեկավարներին: Հերթական հանդիպումը նրանց հետ էր: «Ընդհանուր առմամբ, երեք տարվա ծրագիր ենք հաստատել. հարկային-մաքսային բարեփոխումները 118 միջոցառում են նախատեսում` մաքսակետերի շինարարություն` եվրոպական չափանիշներով, հարկայինում լրիվ նոր ֆորմատի սպասարկման կենտրոններ, սպասարկման նոր գործելաոճ, էլեկտրոնային շփում և այլն»,-նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Բանկային ոլորտը շատ լավ գիտի օն-լայն շփման առավելությունները. հայաստանյան բանկերն իրենց հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով են հանձնում:  Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի հետ նրանց գործառույթների շուրջ 90 տոկոսն արդեն էլեկտրոնային է:  Իսկ դա նշանակում է, որ հարկային այցելելու անհրաժեշտություն չի առաջանում: Բանկերի ղեկավարները համակարծիք են` բիզնեսի զգալի մասը սպասում էր այս բարեփոխումներին: Իսկ եթե առաջ է գալիս այս կամ այն խնդիրը, ապա հարցը բարձրացնելու համար բիզնեսին առաջարկվում են այս ձևաչափով մշտական հանդիպումներ: «Ներկայացվեց մաքսային-հարկային բարեփոխումների ծրագիրը հայկական բանկերին: Վերջիններս էլ ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացրեցին առկա բոլոր խնդիրները` օրենսդրական, ենթաօրենսդրական, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը: Նաև ներկայացվեցին օրենսդրական փոփոխությունների այն նախագծերը, որոնք կաշխուժացնեն ոչ միայն բանկային համակարգը, այլ նաև իրական հատվածի այլ բիզնեսների զարգացումը»,-նշել է ՀՀ Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Կոմիտեի ղեկավարության հանդիպումները բիզնեսի հետ շարունակվում են` ճյուղ առ ճյուղ: Նպատակը մեկն է`  զարգանալու ներուժ ունեցող ոլորտները պետք է առաջ գնալու համար որևէ խոչընդոտ չունենան և զգան ՊԵԿ-ի աջակցությունը: Արդյունքում տվյալ բիզնեսի զարգացումը մեր երկրում կլինի շահութաբեր և նպատակային:

Այս խորագրի վերջին նյութերը