Քաղաքական

07.12.2020 23:48


Այդ աթոռը սեփականությո՞ւն է, Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հրաժարական տա. Հովտաշենի համայնքապետ

Այդ աթոռը սեփականությո՞ւն է, Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հրաժարական տա. Հովտաշենի համայնքապետ

Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժարականը տար, եթե չի տվել, ապա շատ ավելի վատ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Հովտաշենի համայնքապետ Սեյրան Փիլոսյանը, որը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նա պատմեց, որ Շիրակի մարզից առաջին համայնքապետն ինքն է եղել, որ պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Բոլորս գիտենք՝ Արցախը մեր հայրենիքն է, մեր ամրոցն է, մեր բերդն է, մեր տունն է։ Մեր 18 տարեկան տղաները իրենց հայրենիքի համար կռվել և զոհվել են, ինչի՞ համար։ Եթե Փաշինյանը ինչ-որ բան ձեռնարկելու էր, գոնե մի քիչ շուտ աներ, ինչո՞ւ մեր հայրենիքը այսպես կորցրինք։ Չէ՞ որ 30 տարի մենք միշտ հաղթանակներ ենք տարել, վերջը մեր երկրի գերագույն հրամանատարը նա չէ՞ր»։

Սեյրան Փիլոսյանը նաև Արցախյան պատերազմի մասնակից է։ Նա պատմեց, որ այս պատերազմի ընթացքում սրտի վիրահատություն է տարել և միայն նոյեմբերի 8-ին է հասցրել դիմել ռազմաճակատ մեկնելու համար, մեկ օր անց արդեն ստորագրվել էր հայտարարությունը։

«Մենք գիտակցաբար գնում ենք կռվելու, բայց իմանում ենք, որ մեր հայրենիքն արդեն ծախվել է։ Ոնց որ մարդը տուն սարքի, դարպասը ծախի, էլ տունը ո՞ւմ է պետք։ Չէ՞ որ Արցախը մեր դարպասն էր, մեր անուշ հայրենիքն էր։ Ասում են՝ հին կլանները ժամանակին լավ չեն նայել մեր երկրին, կերել են, թալանել են, բայց գոնե չեն դավաճանել։ Սա դավաճանություն, դավադրություն էր, միտումնավոր։ Եվ ի՞նչ է նշանակում՝ կապիտուլյացիա ստորագրող անձը չի ուզում հրաժարական տալ։ Այդքան զոհեր տվել ենք, հիմա էլ Հայաստանում պետք է տա՞նք զոհեր։ Այդ աթոռը սեփականությո՞ւն է, պետք է կամավոր հրաժարական տա»,-ասաց համայնքապետը։

Նա նշեց, որ գյուղի բնակչության զգալի մասը միանում է հրաժարականի այդ պահանջին. «Մնացածը դեռ շոկի մեջ են, նրանք էլ դուրս կգան դրանից, բոլորն էլ հասկանում են, որ հայրենիք ենք կորցրել, չունենք պետականություն։ Անցած պատերազմին այս երեխաները ծնված չեն եղել, բայց եկան, այս դաժանությանն արժանացան։ Մեր հայրենիքը ծախելուց հետո մենք նորից նույն բանին կարժանանանք, պետք է միավորվենք, մեր երկիրը շենացնենք»։

Այս խորագրի վերջին նյութերը