Քաղաքական

13.12.2020 18:00


ԱԱԾ-ն պահանջում է Վարդան Այվազյանին կալանավորել «օծանելիքների ու ժամացույցների» գործով (տեսանյութ)

ԱԱԾ-ն պահանջում է Վարդան Այվազյանին կալանավորել «օծանելիքների ու ժամացույցների» գործով (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Արդեն պաշտոնապես ունենք որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, թե իբր Վարդան Այվազյանը կազմակերպել է իշխանության` ԱԺ–ի և կառավարության լիազորությունների յուրացում։ Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի առաջին մասով»,-ասաց պաշտպանը։

Իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը Պողոսյանը որակեց որպես տրամաբանական աբսուրդ` համոզմունք հայտնելով, որ նման մեղադրանքներ առաջադրելու պատվեր կատարողները մոտ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու։

Փաստաբանը նշեց նաև, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ԱԱԾ քննիչը դատարան է բերել Քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտմամբ։

«Մինչ դատարան ներկայացնելը նա պետք է մեղադրանք առաջադրեր, հարցաքններ որպես մեղադրյալ։ Բայց այդ բոլոր գործողությունները կոպտագույն խախտմամբ է իրականացրել, առանց Այվազյանի պաշտպանի։ Արձանագրել են, թե իբր չեն կարողացել ինձ հետ կապվել, այդ գործողությունները շտապ կատարել են, որպեսզի բերեն, հասցնեն, որ երկու միջնորդությունները համատեղ քննվեն»,–ասաց Պողոսյանը։

Նշենք, որ մինչ այդ դատարանը պետք է քններ միայն պաշտպանի միջնորդությունը` Վարդան Այվազյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ։ Բայց քանի որ մինչ դատական նիստը սկսվելը ԱԱԾ–ն նոր միջնորդություն էր ներկայացրել, երկու միջնորդությունները դատարանը քննել է մեկ նիստում։

Արդյունքում դատարանը որոշել է նիստն ընդմիջել մինչև 20։00-ն` ներկայացված փաթեթներին ծանոթանալու համար։ Իսկ դատարան ներկայացված Վարդան Այվազյանին, փաստաբանի խոսքով, դարձյալ տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, մինչև նիստի վերսկսելը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը