Լրահոս

18.11.2010 18:20


ՀՀ գլխավոր դատախազության և հատուկ քննչական մարմնի` մարտի 1-2–ի մասին տեղեկությունը քննարկման առարկա կդառնա՞

ՀՀ գլխավոր դատախազության և հատուկ քննչական մարմնի` մարտի 1-2–ի մասին տեղեկությունը քննարկման առարկա կդառնա՞

Նոյեմբերի 18-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության՝ ՀՀ Ագային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մոնիթորինգի եզրակացության» մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։

Դ.Հարությունյանը մասնավորապես նշել է, որ ուսումնասիրելով ժամանակավոր հանձնաժղովի եզրակացությունը' հանձնաժողովը վերհանել է այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ էր մոնիթորինգ անցկացնել։ Հանձնաժողովը հարցեր է ուղարկել կառավարությանը։

Մոնիթորինգի ընթացքում բացահայտվել են մի շարք թերություններ, մասնավորապես հատուկ միջոցների չափորոշիչները սահմանված չեն եղել և մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ կիրառված միջոցներից շատերը բացակայել են օրենքում։ Ոստիկանության և ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված են եղել զենքի տեսակներ, որոնք այդպես էլ սահմնված չեն եղել օրենքով և այլն։ Հանձնաժողովն այս կապակցությամբ առաջարկություններ է ուղղել կառավարությանը, մասնավորպես նշելով, որ նպատակահարմար է ոստիկանության և ոստիկանության զորքերի հատուկ միջոցների ցանկերը սահմանել կառավարության որոշմամբ, իսկ հատուկ միջոցների կիրառման կարգերը' ոստիկանության պետի հրամանով, ինչը կօգնի բացառել օրենքով չնախատեսված միջոցների կիրառումը։

Դավիթ Հարությունյանը նշել է, որ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված մի շարք նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը կառավարությունից պատասխան չի ստացել, ինչն անթույլատրելի է։

Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված մահերին, Դ.Հարությունյանն ասել է, որ հանձնաժողովի իրավասությունները հնարավորություն չեն տալիս ներթափանցել քննչական գործողությունների մեջ։

-Միակ իրավասությունը, որ մենք ունեինք, իրականացրել ենք։ Դիմել  ենք  հատուկ քննչական ծառայությանը' նրանց ներկայացնելով  13 հարցեր, որոնց վերաբերյալ ստացել ենք հետևյալ պատասխանը' գործի նախաքննությունը շարունակվում է, ինչպես քննչական, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումներով, որոնք այս պահին դրական արդյունք չեն տվել,- ասել է Դ.Հարությունյանը և հավելել, որ չի կարծում, թե կարող են ավել քայլեր կատարել, քան դարձյալ հարցեր ուղղել, սակայն քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, հանձնաժողովը ստանալու է նույն պատասխանը։

Ուստի, ավելի նպատակահարմար է, որ ՀՀ ԱԺ-ն իր կանոնակարգ օրենքում նախատեսի այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են ընձեռում ՀՀ գլխավոր դատախազության և Հատուկ քննչական մարմնի կողմից ներկայացվող տեղեկատվությունը դարձնել քննարկման առարկա։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը