Լրահոս

06.05.2011 19:07


Orange-ը միանում է «Ռոքն օգնում է Հայաստանին » նախագծին

Orange-ը միանում է «Ռոքն օգնում է Հայաստանին » նախագծին
Այսօր տեղի ունեցավ « Ռոքն օգնում է Հայաստանին » նախագծի շրջանակներում Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակի համաշխարհային պրեմիերան: Երևանյան պրեմիերայի ժամանակ նախագծին միացավ նաև Orange Արմենիան` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին փոխանցելով 15,000 եվրո:

Ձայնասկավառակը, որը երաժիշտները թողարկել են հատուկ Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման համար միջոցներ հավաքագրելու նպատակով, ներառում է երկու երգ` On My Mind և Holy Water: Ձայնագրությանը երկու գերաստղերից բացի մասնակցել են նաև Նիկո ՄքԲրեյնը (Iron Maiden), Ջոն Լորդը (նախկինում` Deep Purple), Ջեյսոն Նյուսթեդը (նախկինում` Metallica), Լինդե Լինդստրյոմը (HIM): Սկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը WhoCares-ը կփոխանցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին, որը համատեղ վերահսկում են Մեդիամաքսը, Do Something ավստրալական կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդը:

«2009թ. հոկտեմբերին Երեւանում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին ասացին, որ նոր երգեր կձայնագրեն Գյումրիի դպրոցին օգնելու համար: Այսօր մենք տեսնում ենք արդյունքը: Երբ 2009թ. նախաձեռնում էինք «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը, իհարկե, երազել անգամ չէինք կարող, որ այն կարող է Գիլանին ու Այոմիին մղել նորից միասին ստեղծագործել: Մեծ երջանկություն է գիտակցել, որ մարդիկ, ովքեր օգնեցին մեզ 22 տարի առաջ, կրկին մեր կողքին են», - ասաց Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Orange-ը ոչ միայն նյութական աջակցություն է ցուցաբերում նախագծին, այլ նաև խրախուսում է իր` արդեն մեծաքանակ բաժանորդներին նույնպես իրենց ներդրումն ունենալ Գյումրիի դպրոցի վերակառուցման գործում: Այսօրվանից «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի խորհրդանիշը դարձած Smoke on the Water-ի` 2010թ. վերջում թողարկված ռեմիքս տարբերակը հասանելի կլինի նաև Հայաստանում` բացառապես Orange-ի երաժշտական պլատֆորմներում, այդ թվում` WAP պորտալում և Սպասազանգում: Այն ամբողջ հասույթը, որ կկգոյանա երգի բեռնման և որպես Սպասազանգ օգտագործման արդյունքում, նույնպես կուղղվի հիմնադրամին: Orange-ի բաժանորդների կարող են բեռնել երգի ամբողջական տարբերակը 540 դրամով կամ այն օգտագործել որպես Սպասազանգ` միանվագ վճարելով 400 դրամ:

«Մենք մեծ խանդավառությամբ ենք միանում այս նախագծին: Երաժշտությունը միշտ համախմբել է մեզ և մեր բաժանորդներին: Այսօր այն մեզ համախմբելու է ոչ միայն լավ ժամանցի, այլ նաև լավ գործի համար: Մեզ համար մեծ ուրախություն է Հայաստանում ներկայացնել «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի խորհրդանիշը հանդիսացող երգը, միաժամանակ շատ կարևոր է մեր բաժանորդներին նույնպես հնարավորություն տալ մասնակցել Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցմանը` յուրաքանչյուրի փոքր ներդրումով: Մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է հպարտորեն ասել, որ երգը բեռնելով` միացել է ռոքի համաշխարհային լեգենդներին և իր ներդրումն է ունեցել «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրում», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Երբ ես սկսում էի «Rock Aid Armenia»-ն, նույնիսկ չէի մտածում, որ 20 տարի անց մենք դեռեւս միջոցներ ենք հավաքելու: Հատկապես կարեւոր է այն, որ մենք Հայաստանում սերտորեն աշխատում ենք անհատների եւ կազմակերպությունների հետ: Այն, որ մենք կարող ենք աշխատել Մեդիամաքսի, Orange-ի եւ ուրիշների հետ, մեծ նշանակություն ունի ինչպես ինձ, այնպես էլ «Rock Aid Armenia»-ում ներգրավված այլ մարդկանց համար», - ասել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի նախաձեռնող, Do Something կազմակերպության նախագահ Ջոն Դին:

Այս խորագրի վերջին նյութերը