Քաղաքական

20.12.2020 15:12


«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին արժանապատվորեն և պատերազմի առաջին օրերին կարողացան ձախողել թշնամու կայծակնային հարվածով Արցախը մի քանի օրվա ընթացքում գրավելու ծրագիրը։

Գործողությունների հետագա զարգացումները արդյունավետ չէին զորքերի ճիշտ կառավարման, հրամանատարական կազմի կողմից արձակված հրամանների ճշգրտության և անձնակազմի կողմից դրանց անվերապահ կատարման առումով, և որպես հետևանք նոյեմբերի 9-ին ստորագրվեց հայտնի հայտարարությունը։

Մեր պարտությունը պայմանավորված էր, առաջին հերթին, թշնամուն թերագնահատելու, պատերազմին բավարար կերպով պատրաստ չլինելու և քաղաքական իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների ժամանակ ռազմական կառույցների որոշումների վրա բացասական ազդեցությամբ։

Սպայի, զինվորի անձնվիրաբար մարտնչելը, անօրինակ սխրանքները, քաջությունն ու ռազմական հնարամտությունը բավարար չէին մարտի դաշտում բաղձալի հաղթանակի հասնելու համար։

Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջև և նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին և մարտական ընկերներին ցանկանում ենք համբերություն և ոգու կորով: Վիրավոր զինակիցներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և քաջ առողջություն։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության անդամների մի մասը այսօր էլ իրենց սրբազան պարտքն են կատարում՝ մասնակցելով հայրենիքի պաշտպանությանը, իսկ մյուսները ևս պատրաստակամ են Հայրենքի պաշտպանության գործում օգտակար լինել իրենց փորձառությամբ, զինվորական գիտելիքներով և նվիրումով։

Այս դժվարին օրերին մենք իրավունք չունենք հուսահատվելու և վհատվելու։ Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով լծվել Հայրենիքի պաշտպանունակության ամրացմանը, բոլոր ոլորտներում անվտանգության մեծացմանը, քաղաքացիների, ԶՈՒ անձնակազմի բարոյա-հոգեբանական վիճակի բարձրացմանը։

Հանրապետությունում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներին ավելացան նորերը․ հարյուրավոր ռազմագերիների առկայություն, անհայտ կորածների փնտրտուք, հազարավոր վիրավորների ապաքինում, սահմանների անվտանգության ապահովում, երկրի պաշտպանունակության բարձրացում։

Գնահատելով օրվա իրողությունները, արձանագրում ենք, որ թշնամին չի բավարարվում ձեռք բերածով՝ ՀՀ-ի նկատմամբ ևս դրսևորելով ակնհայտ տարածքային նկրտումներ։

Պատերազմի այս փուլում ևս օրվա քաղաքական իշխանությունները փաստացիորեն ցուցաբերում են իրենց անկարողությունը հանրապետությունում իրավիճակի վերահսկման, առկա խնդիրների շուտափույթ լուծման, մարտահրավերները դիմագրավելու և սպառնալիքները չեզոքացնելու գործում։

Ցավոք, առկա ռազմական, քաղաքական, տնտեսական, բարոյա-հոգեբանական ճգնաժամը նոր թափ է հավաքում։

Երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունն, առաջին հերթին, պետք է պայմանավորված լինի համապատասխան պետական կառույցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների կողմից առկա ճգնաժամի համապարփակ գնահատմամբ, ՀՀ Վարչապետի հրաժարականով, Կառավարության նոր անդամների նշանակմամբ։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության գործադիր մարմնի՝ միության խորհրդի որոշմամբ կազմակերպությունը պատրաստ է իր մասնակցությունը ցուցաբերել Հայրենիքի փրկության գործին։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը