Քաղաքական

22.12.2020 19:16


«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետև սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն»․ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետև սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն»․ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Քաղաքական հետապնդում է։ Այս մասին Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գնահատական է տալիս իր նկատմամբ կատարվողին։

Դիտարկմանը, թե իր կոչից հետո Նիկոլ Փաշինյանը չկարողացավ մուտք գործել Գորիս, և հարցին՝ դա հաջողություն համարո՞ւմ է, Առուշանյանն արձագանքեց․ «Դա սյունեցիների կամքն էր։ Այո, այդ մարդն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետև սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն՝ Շուռնուխի, Խնձորեսկի, Որոտանի հատվածերը, մարզի մնացած համայանքներում էլ կա նույն խնդիրը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց, որ չի գնացել Գորիս ու Սյունիքի մյուս քաղաքներ, որ բախումներ չլինեն, սակայն վստահ էր, որ իրեն նույն կերպ են ընդունելու, ինչպես Սիսիանում, Առուշանյանն արձագանքեց․ «Ես չեմ տեսել՝ Սիսիանում ոնց են ընդունել, տեղեկություն չունեմ»:

Առուշանյանի փաստաբանն էլ նշեց, որ քաղաքապետը տեղեկացված չէ, քանի որ երկու օր անազատության մեջ է եղել։ Նրա խոսքով՝ առ այս պահը Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը մեզ չի տրվել, հետևաբար մեղադրանք առաջադրված չէ։

«Իշխանությունները փաստորեն զերծ չմնացին վատ, սև ձեռագրից, և այն, ինչ կանխատեսում էի երկու օր առաջ, այսօր դառնում է իրականություն, չգիտենք որտեղից ինչ-ինչ գործեր են հայթայթել, որոնք միացրել են մի վարույթում։ Պարզվում է՝ նաև Առուշանյանին կալանավորելու վերաբերալ միջնորդություն է դատարան ներկայացված։ Քննիչը մեզ ասաց, որ Առուշանյանին ապօրինի ձերբակալումից ազատելուց անմիջապես հետո տեղեկացրին, որ դատարան կալանավորման միջնորդություն է ներկայացվել, երբ դեռ նրան մեղադրանք առաջադրված չէ, չգիտենք՝ ինչում է մեղադրվում»,-ասաց նա՝ նշելով, թե սա այն ձեռագիրն է, որը որդեգրել են իշխանությունները և իրականացնում են։

Նրա խոսքով՝ կծկտուր, մի քանի բառով պարզապես ասել են, որ, օրինակ, Առուշանյանի հորը պատկանող ընկերության տարածքում հատվել են ծառեր, ինչով պետությանը վնաս է հասցվել 100 000 դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը