Լրահոս

10.05.2011 14:56


Իսպանիայում Հայաստանի դեսպանի կինը շնորհակալություն է հայտնել թուրքական համույթի ղեկավարից հայ մշակույթը ներկայացնելու և տարածելու համար

Իսպանիայում Հայաստանի դեսպանի կինը շնորհակալություն է հայտնել թուրքական համույթի ղեկավարից հայ մշակույթը ներկայացնելու և տարածելու  համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Կարին» ազգագրական համույթն  Իսպանիայում  անցկացվող ազգագրական պարի մրցույթում շահել է առաջին մրցանակը։

Համույթի  ղեկավար, ազգագրագետ  Գագիկ Գինոսյանը հայտարարել է, որ մրցույթի  ժամանակ շատ անհասկանալի ձևով «Գրան պրին» տրվել է թուրքական համույթին, չնայած գրեթե բոլոր մասնակիցները համոզված են եղել, որ այդ մրցանակը «Կարինինն» է լինելու։

–Երբ Իսպանիայում Հայաստանի  դեսպանը մեզ հրավիրել  էր, ասել էր, որ Իսպանիայում  թուրքամետ քաղաքականություն է վարվում, և հնարավոր է՝ տեղի  ունենան բաներ, որոնք շատերի  համար անհասկանալի  կթվան։ Եվ բոլորն էին ապշած, որ  թուրքական խմբին  հանձնվեց մրցանակը,–ասել է նա։

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ մրցույթում նորից հաղթել է հայկական պարը, քանի որ  թուրքական խմբի մուտքը եղել է հայկական երգ–երաժշտությամբ, իսկ  պարային մասում էլ  ամբողջությամբ համշենահայերի պարերն են ներկայացվել.

–Իսպանիայում Հայաստանի դեսպանի  կինը Մադրիդից ժամանել էր Պալմա դե Մալյորկա և ամբողջ  ընթացքում մեզ հետ  էր, և երբ ժյուրին հայտարարեց, որ հաղթողը  թուրքական խումբն է (ընդ որում, առաջին իսկ օրվանից թուրքական խմբի  ղեկավարը ժյուրիի անդամների հետ մտերմիկ հարաբերությունների մեջ էր, նրանց հետ  խոսում էր անուններով և այլն), նա  մոտեցավ ժյուրիին և թուրքական համույթի  ղեկավարին ու ասաց. «Շնորհակալություն, որ մեր ազգային մշակույթն ու պարը ներկայացնում ու տարածում եք»։

Գագիկ Գինոսյանի  խոսքերով՝ թուրքական համույթի ղեկավարը ոչինչ չի արձագանքել, և ընդհանրապես նա և նրա համույթն առաջին իսկ օրվանից իրենց այնպես են պահել, կարծես հայերն այնտեղ չկային էլ, իսկ  ժյուրիի նախագահը պարզապես չի  հասկացել, թե ինչի մասին է  խոսքը։ Ազգագրագետը նշել է, որ Թուրքիան շարունակում է ցեղասպանությունը նույնիսկ  այսօր, և քանի որ մենք պետական մոտեցում չունենք մեր ազգային մշակույթի նկատմամբ, նման բաներ  են կատարվում։

–Այ եթե պետական մոտեցում լիներ, եթե մենք ավելի ճիշտ ներկայացնեինք մեր  ազգայինը և ընդհանրապես  ներկայացնեինք, ապա այսօր Իսպանիայում այսքան թուրքամետ քաղաքականություն չէր լինի, և նման խնդիրներ չէին առաջանա։ Գիտե՞ք՝ ինչն էր ամենավիրավորականը՝ այդ մրցույթում նույն թուրքական կողմն այնպիսի մեծ դրոշ էր ներկայացրել, որից Հայաստանում չկա, անգամ նախագահի նստավայրի դրոշն այդքան մեծ չէ։ Այ սա էլ ցույց է տալիս, թե ինչպիսի պետական մոտեցում կա ազգայինի նկատմամբ,–ասել է  նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը