Կարծիք

11.05.2011 17:35


Լևոն–Սերժ գործարքի որոշ դետալների մասին

Լևոն–Սերժ գործարքի որոշ դետալների մասին

ՀԱԿ-իշխանության «երկխոսությանը» նպաստող առաջին երեք կետերը գործնականում կատարված են: Ամենայն հավանականությամբ մինչև մայիսի վերջ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները:

Մայիսի 31-ի հանրահավաքը կանցնի ուրախության ու գրկախառնության մթնոլորոտւմ: Չի բացառվում, որ Ջհանգիրյանը մի անգամ էլ պարի: Հավանաբար կհնչի նաև Բեթհովենի հայտնի երաժշտությունը, «Գլադիատոր» ֆիլմի «սաունդտռեկը» ու ՀԱԿ ակտիվիստներից մեկը, ոչ առաջին դեմքերը, կհայտարարի, որ պայքարի հիմնական նպատակը մնում է իշխանափոխությունը կամ էլ կբացականչի, թե պետք է եգիպտանալ ու թունիսանալ, ու դրանից հետո բոլորը միասին կգնան տուն՝ սրտատրոփ սպասելով Սերժի հետ «երկխոսելու» պահին: Դրանից հետո կսկսվի ամառը, ծովը, վրացական Քոբուլեթին, ապազգային Անտալիան, ազգային Սևանն ու Ծաղկաձորը…

Չի բացառվում, որ ամառվա ընթացքում մեկ–երկու հանրահավաք լինի, որտեղ  գեղեցիկ հայերենով կապացուցվի, որ ՀԱԿ–ի  հիմնական նպատակը ամառվա ոչ հրապարակային աշխատանքն է: «Սիրելի՛ ժողովուրդ դուք գնացեք հանգստացեք, իսկ կոնգրեսի ղեկավարությունը  ձեր փոխարեն այս ամիսներին, առանց իրենց խնայելու կաշխատեն»,–կհայտարարեն «արմատականները»՝ սրտատրոփ սպասելով Սերժի հետ «երկխոսելու» պահին։

Հանրահավաքային ժողովուրդի մի մասը` «վկաները», կգնահատեն իրենց առաջնորդների անձնազոհությունը, շշուկով իրար կասեն «Ինքը մի բան գիտի» ու կգնան տուն։

Իսկ ՀԱԿ-ի ղեկավարությունը (ամենանեղ շրջանակը), իրոք, կաշխատի: Որովհետև աշխատելու «ֆռոնտ» շատ կա՝ Սերժը հենց այնպես «վիտամիններ» չի տալիս: Հիմնական խնդիրը աշնան սեզոնի համար նոր օրակարգ ձևավորելն է: Արտահերթ ընտրություններ, իհարկե, ֆոնային կպահանջվեն: Բայց հո մինչև հերթական  ընտրությունների օրը արտահերթ չեն պահանջելու:  Իրենց ընտրազանգվածին զգոն պահելու և չհիասթափեցնելու համար պետք է հրաժարականներ պահանջեն: Այստեղ ծագում են հերթական բարդությունները` Ս. Սարգսյանի հրաժարականը շատ ակտիվ չեն կարող պահանջել, չի կարելի.  գոյություն ունեն «երկխոսության» սահմանափակումներ: Պետք է ելքեր գտնել՝ սրտատրոփ սպասելով Սերժի հետ «երկխոսելու» պահին:

Երկու տարի առաջ, երբ  ՀԱԿ առաջնորդը նոր էր սկսում իր «երկխոսության» էպոպեան, ընտրազանգվածին չվանելու և այն չկորցնելու համար ամեն հանրահավաքի իր ելույթի մեծ մասը նվիրում էր արդեն նախկին նախագահ Ռ. Քոչարյանին ու ... անվերջ պահանջում նրա հրաժարականը: Այնպես, որ Տեր–Պետրոսյանը իշխանության մեջ չգտնվող մարդկանց հրաժարականը պահանջելու փորձ ու կուլտուրա ունի:

Բայց երկրորդ նախագահի հրաժարականը նա աշնանը, չի կարող պահանջել, որովհետև  մի քիչ անհարմար կլինի պահանջել մեկի հրաժարականը, ով նույնիսկ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում: Դրա համար էլ կպահանջի նրա հրաժարականը, ով  կարող է խոչընդոտել իր և իշխանության սպասվելիք մեղրամիսին:  Իսկ այս չափանիշով թիրախ կարող են դառնալ նրանք, ովքեր իր կամ իշխանության նեղ շրջանակի հետ չեն:  Բոլորը` առանց բացառության: Եթե մի քաղաքական ուժ կամ լիդեր ունակ է «մարտեր առանց կանոնների» ոճով արշավ սկսել ընդամենը հացադուլ հայտարարած անձի դեմ, ապա ավելի ուժեղների հանդեպ որևէ բարոյական արգելք չի կարող լինել:

Կարելի է ենթադրել, որ աշնան սեզոնին ՀԱԿ-ի թիվ մեկ թիրախը դառնալու է ԲՀԿ-ն ու իր ղեկավարը: Այդպիսին կարող է լինել, պայմանավորվածությունը, հանձնարարությունը, բայց որ ավելի իրատեսական է` պայքարի տրամաբանությունը:

Կապրենք մինչև աշուն կտեսնենք:  Ս. Սարգսյանը, ամենայն հավանականությամբ,  ՀԱԿ-ին դրդելու է ԲՀԿ-ի դեմ պայքարի՝ այդ գործում ներգրավելով նաև թրաշով ու անթրաշ «հեղափոխականներին»: Կովկասի գերուհին ֆիլմի թևավոր դարձած խոսքը` «Նա` ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» ունի բոլոր հնարավորությունները հայկական քաղաքական օրակարգում գերիշխելու համար: Լևոնն այդ առումով շատ հարմար թեկնածու է՝ «ջահել», բոյով ու հարթակի վրա պար եկող։

Լևոնի հետ ամենայն հավանականությամբ դամքյաշություն կանեն նաև ազատված քաղբանտարկյալներից ոմանք: Բայց այս սցենարն ունի մի քանի խոցելի կետեր: Նախ, Հայաստանը փոքր երկիր է ու ՀԱԿ-ի լուրջ, ավելի սոլիդ հատվածը բազմաթիվ թելերով կապված է ԲՀԿ ղեկավարության հետ և անձամբ Ծառուկյանի` բիզնես, օգնություն, բարեկամություն և այլն, ու որևէ պարագայում չի մտնի ԲՀԿ-ի դեմ պատվիրված պայքարի:

Երկրորդ` հենց ՀԱԿ-ի ընտրազանգվածի համար արհեստական կլինեն հակածառուկյանական լոզունգները, որովհետև վերջինս ժողովրդի լայն զանգվածներում հակակրանք չի առաջացնում, եթե չասենք, որ ունի դրական իմիջ:

Այս պարագայում հակաբհկական արշավը կարող է հանձնարարվել որևէ երիտլևոնասերժական թիմի, ինչի պարգայում ԲՀԿ-ին այլ բան չի մնա, քան բացել մի քանի  խաղաքարտեր, մի քանի տեսաձայնագրություն, մի քանի փոխանցման հաշիվ և այլն: Մի խոսքով` խաղալ իրեն պարտադրված խաղի կանոններով:

Ժամանակը ցույց կտա։ Տեսնենք։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը