Քաղաքական

20.01.2021 13:52


Իտալիան արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրել է G-20-ի գագաթնաժողովին․ Միքայել Մինասյան

Իտալիան արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրել է G-20-ի գագաթնաժողովին․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արցախում միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ հերթական պատերազմը սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորսված ու խեղված կյանքերի պատասխանատուն՝ Ադրբեջանը, հրավիրվել է «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովին: Մինասյանն ուշագրավ է համարում այն փաստը, որ Ադրբեջանին հրավիրողն Իտալիան է:

«Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: Իտալիան, որը ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, որը միշտ Հայաստանի կողքին էր թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին: Իտալիան, որը Հայաստանին առնչվող հարցերում ուներ առնվազն հավասարակշռված մոտեցումներ:

Արյան մեջ թաթախված Ադրբեջանին գագաթնաժողովին հրավիրելով՝ Իտալիան նույնիսկ հարկ չի համարել ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին: Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնական գործիչները և, առհասարակ, հանրությունը ձևացնում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Մենք որոշել ենք, որ ամեն ինչ անցյալում է և նոր առաջնահերթություններ ենք առաջ քաշել: Այդ դեպքում ինչո՞ւ օրինակ իտալացիները պետք է ավելի շատ սիրեն Հայաստանը, քան մենք՝ հայերս:

Վերոնշյալը հերթական վառ և դրանից էլ ավելի դառն ապացույցն է առ այն, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և պետական ինստիտուտները ավերված են և անգործունակ: Նիկոլիզմը քանդեց մեր պետությունը ներսից և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունը դրա սահմաններից դուրս: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտք են մաքրում: Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող (և չի լինի) այլ լինել:

Քանի դեռ ինքներս մեզ չենք հարգում, ուրիշները մեզ հարգելու առիթ չունեն»,-եզրափակել է Մինասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը