Աշխարհ

27.01.2021 15:19


Ուկրաինայի ՌԾՈւ-ն այս տարի Bayraktar TB2 ԱԹՍ-ներ է ձեռք բերելու

Ուկրաինայի ՌԾՈւ-ն այս տարի Bayraktar TB2 ԱԹՍ-ներ է ձեռք բերելու

Հունվարի 26-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ղեկավարության և թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար Մաքինա» (BAYKAR MAKİNA) ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի ՌԾՈւ համար բարելավված բնութագրերով Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի գնման և մատակարարման, նավատորմում դրանց օգտագործման առանձնահատկությունների, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ՌԾՈւ ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատար փոխծովակալ Օլեքսեյ Նեիժպապան ասել է․

«Այս տարի Ուկրաինայի ռազմածովային ուժերը կստանան բարելավված հատկություններով անօդաչու թռչող սարքերի համալիր, որոնք կգործեն ՌԾՈւ շահերի համար թե՛ ցամաքում, թե՛ ծովում»։

Իր հերթին Baykar ընկերության տնօրեն Հալյուք Բայրաքթարը նշել է, որ Ուկրաինային են մատակարարում իրենց ունեցած նորագույն տեխնոլոգիաները և, որ վերջին տարիներին Ուկրաինայի և Թուրքիայի համագործակցությունը ձեռք է բերել ռազմավարական մասշտաբներ:

Հիշեցնենք, որ վերջին երկու տարում Ուկրաինայի և Թուրքիայի միջև խորացել է համագործակցությունը ռազմարդյունաբերության, հիմնականում անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։ Նախ Ուկրաինան 2018թ. վերջին Թուրքիայից գնեց Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ, որից կարճ ժամանակ անց՝ 2019թ. օգոստոսին թուրքական Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։

«Black Sea shield»-ն առաջինը նախատեսում էր թուրքական նույն ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ի շարժիչի արտադրությունը։ Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։

Հուլիսին հայտնի դարձավ, որ կողմերը նախատեսում են սկսել նաև Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։ Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 150 կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24 ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մ,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը