Մեկնաբանություն

29.01.2021 23:05


Արդյունք կարող է լինել միայն համախմբմամբ, միայն համաձայնեցված գործողություններով

Արդյունք կարող է լինել միայն համախմբմամբ, միայն համաձայնեցված գործողություններով

Հունվարի 28-ի «նոյեմբերի 10»-ին Հանրապետության հրապարակում ու մերձակայքում տեղի ունեցածը ևս մեկ անգամ լրջորեն մտորելու առիթ է տալիս: Խոսքն, իհարկե, մեր մի ամբողջ շարք հարգարժան հայրենակիցների նախաձեռնած բողոքի ակցիայի մասին է:

Մի շարք հայրենակիցներ, որոնց մի զգալի մասը, նախքան վերջին՝ պատերազմական ու հատկապես հետպատերազմական իրադարձությունները, ապաքաղաքական կամ քաղաքական վայրիվերումներին հրապարակավ չարձագանքող մարդիկ են, ելել էին հրապարակ: Նրանցից շատերի դեպքում կարելի է ասել, որ վերջին երկուսուկես ամսում հրապարակներից չեն էլ հեռանում...

Պահանջը, ակնկալիքը, ցանկությունը, նպատակը մեկն է՝ կապիտուլյանտ նիկոլ փաշինյանի և նրա «ուսապարկինգի» հեռացումը: Հասկանալի է՝ հաջորդող իրավական, քրեական ու քաղաքական զարգացումներով ու հետևանքներով: Առանցքային շարժիչ ցանկությունն ու նպատակն, իհարկե, Հայաստանը շարունակական անկումից ու աղետից դուրս բերելն է:

Ի՛նչն է հատկանշական հունվարի 28-ի ակցիայի հետ կապված:

Այս բողոքի նախաձեռնողները ի սկզբանե հայտարարեցին, որ հանդես են գալիս Հայրենիքի փրկության շարժումից կամ, ինչպես հաճախ ասում են՝ «17 կուսակցություններից» առանձին: Արտահայտվում էր նաև անթաքույց ու մարդկայնորեն ընկալելի դժգոհություն՝ «17»-ից, այն առումով, որ տակավին նիկոլ փաշինյանը հեռացված չէ, շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի աթոռը և ներկայանալ այդ կարգավիճակով: Բացի այդ, հունվարի 28-ի ցույցի նախաձեռնողները նույնքան անթաքույց խոսում էին «կտրուկ գործողությունների», «վճռական գործողությունների» մասին:

Հանրագումարում, դժվար է ասել, թե որքանո՞վ «կտրուկ» կամ «վճռական» գործողություն կարող էր լինել ոչ աշխատանքային օրով (Բանակի օրն էր) կառավարության կամ թեկուզ դատախազության շենքի շրջափակումը: Առավել ևս, որ բողոքի ցույցի մասնակիցների թիվը բազմապատիկ զիջում էր փաշինյանի սարսափահար ռեժիմի սիմվոլ ու պահապան դարձած հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ոստիկանների, ավելի ճիշտ՝ ՀՀ ոստիկանության համազգեստով հանդերձավորված, ինչ-որ հողատու-հայրենադավի ու նրա տնեցիների անձնական սպասարկման լաքեյների թվին: նիկոլի ոստի-լաքեյները, նկատենք, բռնեցին մոտ երկու տասնյակ արժանապատիվ քաղաքացիների, որոնցից մի քանիսի դեմ փաշինյանական ռեժիմի կամակատարները քրեական գործեր են հարուցել:

Հիմնականը. «17»-ից առանձին, «ընդդիմությունից ու քաղաքական ուժերից» առանձին «կտրուկ գործողությունների» նշումով բողոքի դրսևորումը նույնպես, եթե առաջնորդվենք այն նախաձեռնողների խիստ չափանիշներով, ապարդյուն էր, քանզի հաջորդ օրվա «նոյեմբերի 10»-ին նիկոլ փաշինյանն էլի նույն կարգավիճակն ուներ ու վարչափախ չեղավ:

Սակայն մենք հունվարի 28-ին կատարվածը ոչ մի դեպքում ապարդյուն չենք բնորոշի: Դա նույնպես ունեցավ իր արդյունքները: Ամենից առաջ, անկախ ամեն ինչից, անկախ մոտեցումների որոշ տարբերությունից, մարտավարական կամ թեկուզ գաղափարական տարաձայնություններից, ողջունելի է ցանկացած գործողություն, որն ուղղված է Հայաստանը փաշինյանի կործանարար ռեժիմից օր առաջ ազատագրելուն:

Բայց կատարվածը ևս մեկ անգամ պարզորոշ հուշում է, որ կոնկրետ արդյունք կարող է լինել միմիայն հնարավոր բոլո՛ր ուժերի, շրջանակների, կապիտուլյանտին չխոնարհված բոլոր քաղաքացիների համախմբման դեպքում: Ավելին, եթե բոլորիս ցանկությունը Հայաստանի փրկության գոնե հույս պահպանելն է, ապա պետք է ընդունենք, որ այսօր օրակարգում կա նույնիսկ քաղաքական էլ չէ, այլ՝ վերքաղաքական 1 հարց. օր առաջ հեռացնել նիկոլ փաշալիևին, դրան՝ իր մանկլավիկներով հանդերձ, նետել պատմության աղբանոցը՝ հավաքական հայության «նյուրնբերգելուց» հետո, իհարկե:

Եվ, եթե ընդունում ենք, որ օրակարգում այդ 1 հարցն է, ապա բոլորս միավորվում կամ համախմբվում ենք այդ հարցը լուծելու համար: Առանձին-առանձին, «պարտիզանական ջոկատներով», մեկը մյուսից անտեղյակ գործողություններով իսկապես էլ ՝ հազիվ թե կարելի է ակնկալել նախատեսված արդյունքը:

Արդյունք կարող է լինել միմիայն համախմբված, համաձայնեցված, անդադար, անընդհատ գործողություններով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը