Քաղաքական

02.02.2021 10:10


Այցը չի կայացել․ Իրանում ՀՀ դեսպանությունը հաստատեց 168.am-ի տեղեկությունը

Այցը չի կայացել․ Իրանում ՀՀ դեսպանությունը հաստատեց 168.am-ի տեղեկությունը
168.am-ը գրել էր, որ հունվարի 22-26-ն Իրան գործուղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցի վերջին օրն իրանական կողմի նախաձեռնությամբ պետք է այցելեին կաթնամթերք արտադրող «Միհան» ընկերության գործարան՝ ծանոթանալու Իրանի կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի հսկաներից մեկի հնարավորություններին: Այցը, սակայն, չէր կայացել:
168.am-ի իրանական հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը եղել էր այն, որ նախորդ գիշերը նախարար Քերոբյանը եւ պատվիրակության մյուս անդամները մասնակցել են մի խրախճանք-գինարբուքի, արդյունքում՝ առավոտյան նախարարը գտնվել է ոչ սթափ, ավելի ճիշտ՝ ալկոհոլային թունավորման վիճակում: «Միհան» ընկերության տնօրինությունը մեկ ժամ սպասել էր հայկական պատվիրակության ժամանմանը, որից հետո Իրանի ԱԳՆ-ից նրանց տեղեկացրել էին, որ այցը չի կայանալու, քանի որ նախարարը նման վիճակում է:
Այսօր Իրանում ՀՀ դեսպանությունն էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության՝ Իրան այցին վերաբերող հաղորդագրության մեջ հաստատել է 168.am-ի տեղեկությունը, բնականաբար, առանց պատճառները նշելու:
«Ինչ վերաբերում է կաթնամթերքի արտադրության «Միհան» ընկերությանը, ցավում ենք, որ այցը չի կայացել (իրանական կողմին նախապես զգուշացվել է այցի չեղարկման մասին), սակայն հարկ ենք համարում նշել, որ ՀՀ դեսպանը մոտ օրերս պատրաստվում է այցելել հիշյալ ընկերություն եւ քննարկել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրներ»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը