Լրահոս

18.05.2011 14:00


ՀՀԿ–ական պատգամավոր. «...որտեղ էլ լինի Խաչիկյանը, պետք է բերվի Հայաստան և դատվի»

ՀՀԿ–ական պատգամավոր. «...որտեղ էլ լինի Խաչիկյանը, պետք է բերվի Հայաստան և դատվի»

ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանին կուսակցությունից հեռացնելու հարց դեռևս դրված չէ։

–Մենք պետք է սպասենք քննության արդյունքներին։ Իհարկե, եթե հաստատվի նրա մեղքը, ոչ միայն կհեռացնենք, այլ կքննարկենք նաև հետագայում խախտումներից խուսափելու համար միջոցներ ձեռնարկելու հարցը։ Բայց սա՝ նրա մեղքը պարզելուց հետո,–ասել է Ռ. Պետրոսյանը։–Դեռ հայտնի չէ՝ Վազգեն Խաչիկյանը կապ ունի՞, թե՞ կատարել են տեղական կառույցները։ Երբ որ կպարզվի մեղքը, կապը նրա գործողությունների և տեղական կառույցների ղեկավարների գործողությունների միջև, որոնց մասին այսօր խոսում են բոլորը, այսինքն՝ մեղքի առկայությունը, որ Խաչիկյանն էլ է մասնակից եղել այդ հանցագործությունների կատարմանը, այն ժամանակ նոր ամեն ինչ պարզ կդառնա։ Հնարավոր է նաև հակառակը, որ նրա հետ համաձայնեցրած լինեն, կամ նա տեղյակ եղած լինի։ Դա միայն քննությունը կարող է պարզել։

Այս օրերին Վազգեն Խաչիկյանը Գերմանիայում է, ինչպես նշում են նրա հարազատները՝ բուժման նպատակով։ Չի՞ կարծում արդյոք, որ սա Խաչիկյանի կողմից փախուստ է նշանակում։ «7օր»–ի այս հարցին ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.

–Մենք քանի դեռ ապացույցներ չունենք մեր ձեռքի տակ, չենք կարող ասել։ Բայց նա հիվանդ պառկած է եղել նաև Հայաստանում։ Հիմա դա կապ ունի՞ այդ արարքների հետ, թե՞ ոչ, քննությամբ երբ որ պարզվի, մեկ է՝ որտեղ էլ նա լինի, որպես քրեական հանցագործ, եթե հաստատվի նրա մեղքը, պետք է բերվի Հայաստան և դատվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը