Քաղաքական

02.02.2021 22:39


Առաջարկվում է ԶԼՄ-ներին արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը. նախագիծը ներկայացրել են «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ

Առաջարկվում է ԶԼՄ-ներին արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը. նախագիծը ներկայացրել են «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ

«Իմ քայլը» խմբակցությունը օրենքի նախագիծ է մշակել, որում նախատեսվում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում: Առաջարկվում է՝ արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը:

Նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համացանցի միջոցով, իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը, ինչպես նաև հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

Հաշվի առնելով համացանցին հանրության լայն շրջանակներին հասանելիությունը, սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացումը և դրանց անվերահսկելությունը՝ տեղեկատվություն սպառողների համար առաջանում են ռիսկեր, մասնավորապես անհայտ ծագումնաբանություն ունեցող տեղեկատվական աղբյուրների տեսքով:

Նշված ռիսկերը մեղմելու նպատակով նախագծով առաջարկվում է՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները լրացնել նոր 4-րդ մասով, այն է՝ արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են, բացառությամբ այն դեպքերի՝ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է մեղմել հատկապես արտաքին տեղեկատվական հարձակումները, որոնք կարող են նաև առաջացնել ազգային անվտանգության վտանգներ, պաշտպանել տեղեկատվությունը սպառողներին, տարանաջատել իրական՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների համապատասխանող, լրատվամիջոցներին անհայտ ծագումնաբանություն ունեցող տեղեկատվություն տարածող աղբյուրներից:

Փոփոխություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը