Քաղաքական

04.02.2021 10:14


Նիկոլ Փաշինյանն ուզում է փոխել ԱԳ նախարարին․ նրան դուր չեն եկել Մոսկվայում Թուրքիայի մասին Այվազյանի կոպիտ հայտարարությունները․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ուզում է փոխել ԱԳ նախարարին․ նրան դուր չեն եկել Մոսկվայում Թուրքիայի մասին Այվազյանի կոպիտ հայտարարությունները․ «Հրապարակ»

«Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ նրանից դժգոհ են՝ ուզում են հանել, կամ ինքն է ուզում հրաժարական տալ։ Սակայն պատճառների մասին ոչինչ չի ասվում։ ԱԳՆ լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ վարչապետ-ԱԳ նախարար տարաձայնությունները սկսվել են դեռևս անցած տարվանից, երբ Այվազյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին մեկնեց Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման։ Դեկտեմբերի 7-ին Այվազյանն ու Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ հայտարարություններ արեցին, պատասխանեցին լրագրողների հարցերին։

Պարզվում է՝ Այվազյանի՝ Թուրքիայի մասին խոսքը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, և նա Այվազյանի վերադարձից հետո շատ սուր խոսակցություն է ունեցել նրա հետ, խիստ դիտողություն արել Թուրքիայի մասին ասածների կապակցությամբ։

Մենք դիտեցինք ասուլիսի տեսագրությունը․ Այվազյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու վերաբերյալ, հիշատակել է 1915թ․ ցեղասպանությունը և թուրքական քաղաքականությունը։ Խոսել է այն մասին, որ Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը մեր հանդեպ, նշել է ֆուտբոլային դիվանագիտությունը, որը տապալվեց Թուրքիայի մեղքով, և անդրադարձել է վերջին պատերազմում նրա խիստ բացասական դերակատարմանը, երբ անմիջականորեն կառավարել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ահաբեկիչներ մատակարարել, ձախողել հրադադարի փորձերը։

Այվազյանն ամփոփել է՝ Անկարան պետք է վերականգնի Հայաստանի և միջազգային հանրության վստահությունը, որպեսզի խոսք գնա միջպետական հարաբերությունների մասին։ Ոչ մի սուտ խոսք կամ չափազանցություն։ Մնում է պարզել, թե այս խոսքն ինչու դուր չի եկել Փաշինյանին»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը